Հունվարի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ռեկտոր Արմեն Գրիգորյանի նախագահությամբ, կայացավ գիտական խորհրդի տարեսկզբյան նիստը, որի ընթացքում քննարկվեցին համալսարանի կառավարման համակարգի, ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտահետազոտական գործունեության զարգացման մի շարք հարցեր։
Մասնավորապես, գիտական խորհուրդն անդրադարձավ ՀՊՏՀ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմի ձևավորման գործընթացին և հաստատեց կազմում փոփոխություն կատարելու հարցը։
Օրակարգի առանցքային թեմաներից մեկը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունն էր։ ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը ներկայացրեց կենտրոնի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը՝ իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները։
Նշվեց, որ տարվա ընթացքում հրապարակվել է 12 մենագրություն, 1 ուսումնական ձեռնարկ, 40 հոդված «Ամբերդ» տեղեկագրում, 7 տպագիր վերլուծություն և 45 գիտական հոդված, որոնցից 26-ը՝ արտերկրում։ Հոդվածներից 23-ը տպագրվել է SCOPUS և Web of Science շտեմարաններում ընդգրկված ամսագրերում։ Կենտրոնի աշխատակիցները հանդես են եկել «Նոյյան տապան» լրատվական գործակալության 9, «Բուն TV»-ի «Տնտեսություն և հասարակություն» հաղորդաշարի 8 թողարկումներում, ծանրակշիռ արդյունք ապահովել դրամաշնորհային և այլ հետազոտական աշխատանքներում։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2025 թ․ գործունեությունը գնահատվեց «լավ»։ Միաժամանակ քննարկվեց և հաստատվեց կենտրոնի 2026 թ․ գործունեության ծրագիրը՝ նախանշելով հետագա զարգացման հիմնական ուղղությունները։
Գիտական հրապարակումների թեմային անդրադառնալով՝ ռեկտոր Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ գործընթացում պետք է ակտիվորեն ներգրավվեն բոլոր ամբիոնները և նշեց, որ տարեկան շուրջ 150 գիտական հրապարակումը պետք է դառնա ընդունելի ցուցանիշ։
Նիստի ընթացքում ներկայացվեց և հաստատվեց նաև ՀՊՏՀ գիտական խորհրդի 2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը։ Ռեկտորը նշեց, որ առաջիկա կիսամյակը պետք է կենտրոնացած լինի ուսանողների և դասախոսների կարգապահության ամրապնդման վրա։ Իր խոսքում նա անդրադարձավ կրթական ծրագրերի բեռնաթափման, առկա բակալավրիատի 4-րդ կուրսում ամփոփիչ ստուգարքային քննություն կազմակերպելու անհրաժեշտությանը։
Ամփոփելով նիստը՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ 2025 թվականի հաշվետվությունը կազմելիս հպարտություն է զգացել համալսարանի ձեռքբերումների համար։ Նրա խոսքով՝ բուհի աշխատակիցներն ապացուցել են, որ ունակ են գերազանցելու սեփական արդյունքները։ Ռեկտորը շեշտեց, որ ձեռքբերված հաջողությունները պետք է ինստիտուցիոնալացվեն և դառնան համալսարանի կենսակերպը՝ ապահովելով նշանակալի առաջընթաց։



