Փողն այն առանցքն է,որի շուրջը պտտվում է երկրագունդը: Փողի ծագումը ՝ որպես փոխանակային հարաբերությունների ձևավորման և զարգացման կարևոր պայման, պատմական երևույթ է ու ունի ներքին տրամաբանական կապ:
Գոյություն ունի փողի ծագման հետազոտության երկու մոտեցում՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ:
Սուբյեկտիվ մոտեցման դեպքում փողը համարվում է մարդկանց միջև համաձայնության,պայմանավորվածության արդյունք: Այս առումով, հայտնի տնտեսագետ Ֆ. Հայեկը փողի ծագման ժամանակաշրջանը բնորոշել է որպես «մարդկային համագործակցության ընդլայնված կարգ»: Պարզ փոխանակության ձևը «բարտերն» է, իսկ ընդլայնած համագործակցության արդյունքում առաջացավ փողը:
Օբյեկտիվ մոտեցման պարագայում հիմնավորվում էր այն,որ փողն ապրանքափոխանակային հարաբերությունների զարգացման արդյունք է: Ապրանքային արտադրության զարգացման կարևոր պայման է դառնում փոխանակությունը, որն իր հերթին առաջացնում է մեկ միասնական չափման համակարգի սահմանման անհրաժեշտություն:
Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է չափակցել բոլոր ապրանքների արժեքները որոշակի միավորով կամ չափանմուշով:
Քանի որ համարժեքությունը փոխանակային հարաբերությունների առանցքն է, ուստի պետք է ստեղծվեր ապրանքի արժեքը գնահատելու, չափելու միավոր,որը հանդիսացավ փողը:
Նախքան փողի ի հայտ գալը գոյություն են ունեցել տարբեր արժեձևեր,որոնց միջոցով իրականացվել է ապրանքափոխանակությունը:
Տարբեր տնտեսագետներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերել փողի նկատմամբ, օրինակ՝ Ադամ Սմիթը յուրահատուկ ձևով է արտահայտվում փողի մասին. «Մենք օգտագործում ենք փողը՝ ազատվելով նրանից, այսինքն՝ այն ապրանքի յուրահատուկ տեսակ է, որը մարդ ընդունակ է օգտագործելու՝ միայն տալով ուրիշներին»: (փողի ծագումը)
Փողը միևնույն ժամանակ պատմական զարգացման արդյունք է:
Այն առաջացել է հասարակության տնտեսական զարգացման որոշակի շրջանում, և դրա առաջացումը դարձավ մի առաջընթաց քայլ բարտերային փոխանակության սահմանափակումների հաղթահարման գործում:
Փողը առաջացել է աշխատանքի հասարակական բաժանման հետ միասին: Փողը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ ստիպված են եղել փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները: Աշխատանքի հասարակական բաժանումը արտադրության այնպիսի կազմակերպում է, երբ արտադրողը մասնագիտանում է որոշակի արտադրության բնագավառում: Այդ պատճառով էլ պահանջմունքներ բավարարելու համար նա պետք է մտնի փոխանակային հարաբերությունների մեջ:
Փողը շատ տնտեսագետներ անվանում են «շուկայի լեզու»: Եվ դա իրոք այդպես է, քանի որ հենց նրա միջոցով է իրականացվում ապրանքների և ռեսուրսների շրջապտույտը:
Սպառողները շուկայում գնում են արտադրողների կողմից վաճառվող ապրանքները, իսկ վերջիններս իրենց հերթին փող են վերցնում հասարակությունից ստացված ռեսուրսների դիմաց:
Սկզբունքորեն փող կարող է լինել ցանկացած իր, որը վաճառողների կողմից կարող է ընդունվել որպես ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման միջոց:
Այնուամենայնիվ, փողին ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնց սկզբնական շրջանում բավարարում էր ոսկին, իսկ այնուհետև թղթադրամները:
Փողին ներկայացվող պահանջները հետևյալն են՝
- Փողի արժեքը պետք է կանխատեսելի ժամանակահատվածում լինի կայուն, այլապես անհնար կլինի հաշվարկներ կատարել և որոշումներ ընդունել:
- Փողը պետք է լինի հարմար, որպեսզի հեշտությամբ պահվի դրա կարիքն ունեցողի մոտ:
- Փողը պետք է լինի «ամուր», այլապես դրա օգտագործման և պահպանման ժամանակ կառաջանան մեծ դժվարություններ:
- Հավասար արժեք ունեցող դրամական նիշերը պետք է լինեն համասեռ (օրինակ՝ ոսկե դրամները պետք է լինեն միևնույն հարգի, այլապես նույն անվանական արժեք ունեցող մետաղադրամները կունենան տարբեր գնողունակություն):
- Փողը պետք է անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բաժանել մասերի:
- Փողը պետք է հեշտ ճանաչվի ըստ գույնի, չափերի, հատուկ պոլիգրաֆի- ական հատկանիշների և արժեքի:
- Փողը պետք է լինի եզակի, այսինքն՝ հնարավոր չլինի կեղծել, քանի որ այդ դեպքում յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է բացել իր սեփական «դրամահատման գործը»:
Փողի էությունը բնութագրվում է այն մասնակցությամբ, որ նա ունի՝
- տարբեր ձևի հասարակական հարաբերությունների իրականացման մեջ, փողի էությունը չի կարող լինել անփոփոխ,այն պետք է արտացոլի տնտեսական հարաբերությունների զարգացումը և հենց իրենց՝ փողերի փոփոխությունը:
- ՀԱԱ-ի բաշխման գործընթացում
- Գների որոշման մեջ, որոնք արտահայտում են ապրանքների արժեքը:
Փողի առաջացման անմիջական պայմաններն են՝
- անցումը բնատնտեսությունից ապրանքների արտադրությանը և դրանց փոխանակմանը
- ապրանք արտադրող սեփականատերերի գույքային առանձնացումը
- փոխանակության համարժեքայնության պահպանման անհրաժեշտությունը: