Ֆինանսներ, ակրեդիտիվ
Փաստաթղթային ակրեդիտիվը միակողմանի պարտավորություն է, որն իր վրա է վերցնում բանկը հաճախորդ-հրամանագրողի (գնորդի) հանձնարարությամբ հօգուտ բենիֆիցիարի (վաճառողի), և վճարումը իրականացվում է միայն բենիֆիցիարի կողմից իր բանկի միջոցով ակրեդիտիվով նախատեսված առևտրային և ֆինանսական փաստաթղթերի ներկայացման դեպքում:
Ակրեդիտիվը միջազգային առևտրում լայն տարածում է գտել: Այն օգտագործվում է ինչպես կանխիկ եղանակով վճարումներում, այնպես էլ ապառիկ եղանակով հաշվարկներում:
Ակրեդիտիվը բացվում է ներմուծողի հանձնարարությամբ` դիմումի հիման վրա, որտեղ կրկնվում են պայմանագրի բոլոր այն պայմանները, որոնք վերաբերում են վճարումների կարգին:
Պայմանագրում հիմնականում նշվում են.
- բանկի անվանումը, որում բացվում է ակրեդիտիվը,
- ակրեդիտիվի տեսակը,
- ծանուցող և կատարող բանկի անվանումը,
- բանկային գանձումների կարգը,
- վճարման պայմանները,
- փաստաթղթերի ցուցակը, որոնց դիմաց կատարվում է վճարումը,
- ակրեդիտիվի գործողության, առաքման ժամկետները և այլն:
պայմանագիրը կնքելուց հետո վաճառողը ապրանքը նախապատրաստում է առաքման, որի մասին տեղյակ է պահում գնորդին:
Ծանուցումը ստանալուց հետո, գնորդը իր բանկին դիմում հանձնարարական է ուղարկում ակրեդիտիվի բացման համար, որտեղ նշվում են բոլոր անհրաժեշտ պայմանները: Գնորդը, որը հանձնարարական է տալիս ակրեդիտիվի բացման համար, կոչվում է հրամանագրող: Ակրեդիտիվ բացող բանկը, որը կոչվում է նաև էմիտենտ բանկ, գործում է հրամանագրողի հրահանգների հիման վրա:
Ակրեդիտիվը բացելուց հետո ուր էմիտենտ բանկը նշում է, թե ինչ կարգով պետք է կատարվի միջոցների հաշվեգրումը, այդ փաստաթուղթը ուղարկում է վաճառողին, որը կոչվում է բենիֆիցիար, ում օգտին այն բացվել է: Էմիտենտ բանկը ակրեդիտիվը ուղարկում է բենիֆիցիարին, որպես կանոն, վերջինիս սպասարկող բանկի միջոցով, որի խնդիրն է ակրեդիտիվը ծանուցել բենիֆիցիարին: Այսպիսի բանկը կոչվում է ծանուցող բանկ:
Ակրեդիտիվը ստանալուց հետո ծանուցող բանկը ստուգում է ակրեդիտիվի ճշտությունը և հանձնում բնենիֆիցիարին: Շատ դեպքերում ծանուցող բանկը էմիտենտ բանկի կողմից նշանակվում է որպես ակրեդիտիվը կատարող բանկ, այսինքն լիազորվում է կատարել վճարում կամ ակցեպտավորում:
Ստանալով ակրեդիտիվը բենիֆիցիարը այն համեմատում է պայմանագրի պայմանների հետ:
Եթե բենիֆիցիարը համաձայն է իր օգտին բացված ակրեդիտիվի պայմանների հետ, ապա նա սահմանված ժամկետում իրականացնում է ապրանքի առաքումը, և բեռնափոխադրողից ստանալով տրանսպորտային փաստաթղթերը ակրեդիտիվով պահանջվող այլ փաս¬տաթղթերի հետ միասին ներկայացնում է իր բանկին: Տարաձայնությունների հայտնաբերման դեպքում բենեֆիցիարը կարող է տեղեկացնել իր բանկին:
Վաճառողի բանկը ստուգում է բոլոր փաստաթղթերը, ապա դրանք ուղարկում է էմիտենտ բանկին վճարման, ակցեպտավորման կամ նեոգացիայի` կից նամակում ցույց տալով, թե ինչ կարգով պետք է կատարվի հասույթի հաշվեգրումը:
Ստանալով փաստաթղթերը` էմիտենտ բանկը ստուգում է դրանք, որից հետո վճարման ենթակա գումարը փոխանցում է վաճառողի բանկին, դեբետագրում գնորդի հաշիվը և փաստաթղթերը ուղարկում գնորդին, որը տնօրինում է ապրանքը: Բենիֆիցիարի բանկը հասույթը հաշվեգրում է բենիֆիցիարի հաշվին:
Հաշվարկների ակրեդիտիվային ձևի հիմնական թերությունը ակրեդիտիվային հաշվարկներում ներգրավված կողմերի համար համարվում է, նախ բանկերի միջև փաստաթղթերի շարժի ձգձգումը, երկրորդ` ակրեդիտիվի բարձր արժեքը:
Գործառնությունների իրականացման համար բանկերը գանձում են կոմիսիոն վճարներ` կախված ակրեդիտիվի գումարի չափից: Այդպիսի բանկային ծախսերը բանկերի կողմից գանձվում են համաձայն բանկերում գործող ակրեդիտիվի գումարի չափի: Դրանք բանկերի կողմից գանձվում են համաձայն բանկերում գործող ակրեդիտիվին վերաբերող սակագների:
Ակրեդիտիվ բացելու դեպքում հրամանագրողը պարզ և հստակ նշում է, թե ում հաշվին պետք է կատարվեն ակրեդիտիվի հետ կապված ծախսերը` գնորդի, թե վաճառողի: