Փողերի լվացում — Ի՞նչպես է առաջացել արտահայտությունը

«Փողերի լվացում» (money laundering) հասկացությունն առաջին անգամ ի հայտ է եկել 20-րդ դարի 30-ական թվականներին ԱՄՆ-ում, երբ ամերիկյան կազմակերպված հանցագործության խմբավորումները (մաֆիան) սկսեցին գնել և վերաբացել հասրակական լվացքատները, որտեղ օրինականացվում էին իրենց կողմից ձեռք բերված անօրինական կանխիկ միջոցները:

Սակայն ըստ ամերիկացի հեղինակ Ջեֆրի Ռոբինսոնի առաջին անգամ այդ տերմինը` money laundering, օգտագործել է բրիտանական «The Guardian» թերթը Ուոթերգեյթսյան սկանդալի ժամանակ, երբ քննարկվում էր Ռիչարդ Նիկսոնի ընկերության անլեգալ ֆինանսավորման հարցը:

Փողերի լվացման հարցը կոորդինացնելու համար 1989թ. Փարիզում մեծ յոթնյակի համաժողովում ստեղծվեց անօրինական ճանապարհով ձեռք բերված փողերի լեգալացման դեմ գործող միջազգային ընկերություն (FATF):

Այս գործընթացը անմիջականորեն կապված է գումար վաստակելու հետ: Այն ունի նաև այլ անվանում` փողերի լեգալիզացիա, օրինականացում:

Փողերի լվացում ասելով` հասկանում ենք այնպիսի գումարների օրինականացումը, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, այսինքն` մութ ճանապարհով ստացված եկամուտների տեղափոխումը օրինական դաշտ, որը թույլ է տալիս հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր գումարներից օգտվել հանրորեն և օրինական կերպով: Առաջին հայացքից, ինչպես նաև փաստաթղթային տեսանկյունից դրանք  բավականին հմտորեն քողարկված են: Ինչպես նաև այդ գործընթացի արդյունքում կարող է փոփոխվել տվյալ գումարի ստացման, օգտագործման եղանակը.ինչպես կանխիկից անկանխիկ, այնպես էլ հակառակը:

Փողերի լվացման ժամանակ տեղի է ունենում տվյալների փոփոխություն: Փոխվում է եկամտի իրական աղբյուրը, սա կարող է իր արտահայտումը ստանալ նաև գրավոր փաստաթղթային ձևով, այսինքն` տեղի է ունենում փաստաթղթերի կեղծում: Նմանատիպ գործունեությունը կատարյալ կերպով կոծկելու համար օգտագործվում են նաև երրորդ անձանց փաստաթղթեր, այսինքն` տվյալ գումարները գրանցվում են այլ անձանց հաշվին /զոքանչ, բարեկամ, ընկեր, սիրուհի և այլն/:

Փողերի լվացման համար օգտագործվում են աֆշորները/off-shore/` «հարկային դրախտի» երկրները, որոնց բանկային համակարգն ապահովում է հաշվեհամարների տերերի անունների ու նրանց մասին տեղեկության կոնֆիդենցիալ լինելը: Այդպիսի երկներից են Բելիզը, Ջիբրալթարը, Դոմինիկյան հանրապետությունը, Պանաման, Սեյշելը, և ամերիկյան որոշ ընկերություններ, գլխավորապես Օրեգոնում և Դելավերում: Նման եկրներում լավ զարգացած է այս համակարգը, անգամ համապատասխան օրենսդրական ակտերով ապահովվում են այն անձանց իրավունքները, ովքեր չեն մուծում հարկերը: