Ինտերնետ բանկ
Ներկայումս միջազգային բանկային պրակտիկայում մեծ տարածում են գտել ինտերնետով և հեռախոսով բանկային ծառայությունների մատուցումը, էլեկտրոնային առևտուրը, որոնք հանդես են գալիս որպես հաճախորդներին հեռավորության վրա սպասարկման ժամանակակից ծառայություններ:
Internet banking-ն իրենից ներկայացնում է բանկային ծառայությունների մատուցում ինտերնետի միջոցով, որն առաջին անգամ իրականացվել է 1995թ-ին ԱՄՆ-ում Security First Network Bank-ի կողմից: Ներկայումս ԱՄՆ-ի առաջատար 50 բանկերի իննսուն տոկոսն ունի Internet banking–ի ծրագիր, իսկ աշխարհում ավելի քան 600 բանկ առաջարկում են լիակատար ինտերնետային ծառայություններ:
Internet banking –ի մեջ ներառվող ծառայություններն ընդգրկում են գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք բանկը մատուցում է իր հաճախորդներին, բացի կանխիկի հետ գործառնություններից: Բանկային հեռակառավարումը հնարավորություն է տալիս բարձրացնել մասնավոր բիզնեսի էֆեկտիվությունը: Այն ապահովում է
- ժամանակի տնտեսում,
- աշխատանքի հարմարություն,
- վճարումների մասին ինֆորմացիայի մշակման մեծ արագություն,
- փաստաթղթերի մոնիտորինգ,
- ցանկացած պահին միջոցների շարժի մասին տեղեկատվության ստացում:
Internet banking –ը հնարավորություն է տալիս հաճախորդին
- իրականացնել վճարումներ իր հաշիվներից, այդ թվում նաև վճարումներ արտարժույթով,
- գնել և վաճառել արտարժույթ,
- բացել նոր հաշիվներ և դրանց վրա փոխանցել դրամական միջոցներ,
- համալրել կորպորատիվ պլաստիկ քարտերի հաշիվները և դրանցից միջոցներ հանել, այդ թվում իրականացնել վարկային քարտերի գծով առաջացած պարտավորությունների մարումներ,
- օգտվել միջոցների ներդրման հետ կապված ծառայություններից,
- իրականացնել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ,
- ստանալ վարկեր կամ վարկային պայմանագրի վավերապայմանների վերաբերյալ տեղեկատվություն,
- տեղեկություններ ստանալ ստացված և ուղարկված վճարումների մասին,
- հետ կանչել սխալ վճարումները,
- ստանալ տեղեկատվություն և խորհրդատվական ծառայություններ և այլն:
Բանկերի կողմից Internet banking–ի ծառայություններ մատուցելը նպատակահարմար է մի շարք պատճառներով
- հաճախորդների կողմից այդ ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը,
- բանկի գործառնական ծախքերի նվազումը,
- ինտերնետի լայն հնարավորությունները,
- մրցակցային պոտենցիալը և այլն:
Բանկային ինտերնետ–համակարգեր մշակողների և ծառայություններ մատուցողների համար Internet banking –ը եկամտի ստացման նոր աղբյուր է, որն այսօր զարգանում է և ունի մեծ հեռանկարներ:
Internet banking–ի շնորհիվ վաճառողները ավելի վստահ են լինում, որ իրենց հաճախորդներից ժամանակին կստանան սպասվող վճարումները: Այն հաճախորդները, ովքեր հնարավորություն ունեն օգտվել այսպիսի ծառայություններից, ցանկացած վաճառողի համար հանդիսանում են գրավիչ պոտենցիալ հաճախորդներ:
Internet banking համակարգի պաշտպանությունն ավելի կատարյալ է, քան վարկային քարտերի միջոցով վճարումների իրականացումը, քանի որ բացառվում է ինֆորմացիային անօրինական եղանակով տիրանալը: Դրա երաշխիք են հանդիսանում գաղտնագրման ժամանակակից մեթոդները, որոնք օգտագործվում են էլեկտրոնային վճարային փաստաթղթերը ծածկագրելու համար: Առաջին հերթին դա էլեկտրոնային թվային ստորագրությունն է ԷԹՍ:
Էլեկտրոնային թվային ստորագրությունը բաղկացած է 2 մասից բաց և փակ: Բաց բանալին սեփականատիրոջ կողմից ներկայացվում է հաստատման կենտրոն, որի դերը սովորաբար կատարում է սպասարկող բանկը: Բաց բանալին, նրա սեփականատիրոջը վերաբերող և այլ տեսակի տեղեկատվությունը ստորագրվում են հաստատման կենտրոնի էլեկտրոնային թվային ստորագրությունով: Այս միջոցով ձևավոևվում է էլեկտրոնային թվային ստորագրության սերտիֆիկատ, որն անհրաժեշտ է գրանցել բանկի էլեկտրոնային վճարումների համակարգում: Բանալու փակ մասը ոչ մի պայմաններում չպետք է տրվի որևէ այլ անձի:
էլեկտրոնային թվային ստորագրության գաղտնի բանալու անօրինական կիրառումը կարելի է կանխել նաև գաղտնաբառի միջոցով, որը դրվում է ինչպես բանալու, այնպես էլ որոշ տեսակի բանալիային կրիչների վրա:
Այժմ Internet banking –ը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, որը խոսում է այն մասին, որ ձևավորվել է կայուն և վճարունակ պահանջարկ այս ոչ ավանդական բանկային ծառայության նկատմամբ: Դրա մասին են վկայում Internet banking –ից օգտվողների թվի աճի բարձր տեմպերը:
Tele banking-ը բանկային ծառայությունների մատուցումն է հեռախոսի միջոցովª աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ: Ներկայումս այս ծառայության առավել զարգացող տեսակը բջջային հեռախոսով ծառայությունների մատուցումն է, որի զարգացման կարևոր նախադրյալ է հանդիսանում բջջային հեռախոսներ ունեցողների անընդհատ աճը: Հաշվի առնելով, որ ժամանակը ներկայիս և ընդհանրապես ամենաթանկ ռեսուրսն է հանդիսանում, պարզ է դառնում, որ Mobile banking-ը շատ հարմար միջոց է գործարար մարդկանց համար:
Ներկայումս լայն տարածում է ստացել բջջային հեռախոսի միջոցով վճարումների իրականացման 3 եղանակª
- WAP banking, որն իրենից ներկայացնում է աշխարհի ցանկացած կետից բանկային ծառայությունների մատուցում անմիջականորեն բջջային հեռախոսի կամ առանց ցանցային միացման համակարգի միջոցով: Այսպիսի տեխնելեգիան հնարավորություն է տալիս WAP- ի տակ աշխատող որոշ սայտերից կրճատված տեղեկատվություն փոխանցել հեռախոսի վրա և իրականացնել որոշ գործողություններ: WAP-ը բջջային հեռախոսների միջոցով հատուկ վեբ էջերի դիտարկման տեխնոլոգիա է: Այսպիսի համակարգի առավելությունը մուտքի ավելի մեծ ազատությունն է, իսկ թերությունըª ոչ մեծ դիսփլեյի վրա տեղեկատվության ստացման անհարմարությունը, ինչպես նաև այն, որ դրա կիրառման ժամանակ օգտվողը վճարում է օգտագործվող կապի միացման համար:
- SMS banking, որը հնարավորություն է տալիս կարճ հաղորդագրությունների միջոցով ստանալ հաշվարկային հաշիվների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: Մասնագետների կարծիքով այս ծառայությունն ավելի շատ հեռանկարներ ունի, քան WAP banking- ը: Դա պայմանավորված է նրա էժանությամբ և տվյալների փոխանցման մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ արագությամբ:
- SMS banking, որի տեխնոլոգիական հիմքը SIM քարտերն են: Վերջիններս ունեն վճարային հավելված և SIM հաղորդագրությունների տեխնոլոգիաª որպես տեղեկատվության փոխանցման եղանակ: SIM քարտերը ներքին պաշտպանված հիշողությամբ հաշվարկային սարքեր են, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ֆինանսական և տեղեկատվական անվտանգության որակապես նոր մակարդակ: Տեղեկատվության փոխանցման այս եղանակն առավել հարմար է հասարակ և տնտեսող վերջնական սպառողի համար, քանի որ արժեքն ավելի ցածր է, ունի ստացման մասին հաստատման ֆունկցիա, չի պահանջում կապի շատ թանկ ուղիների կիրառում: