Ստրես թեսթավորման տեսակները

Ստրես թեսթավորման տեսակները

2009թ. մայիսին Բազելյան կոմիտեի կողմից հրատարակվեց սթրես թեսթավորման գործնական սկզբունքների խորհրդատվական փաստաթուղթը:

karavarum-009Ինչպես նաև 2010թ. տարեվերջին հաստատված Բազել III կանոնակարգում հատուկ ընդգծված է սթրես թեսթավորումներ անցկացնելու անհրաժեշտության և կարևորության մասին:

Սթրես-թեսթավորման մեթոդի գաղափարը նպատակային ֆունկցիայի համապատասխան տատանումների վերլուծությունն է, որը կախված է շուկայական ցուցանիշների տատանումներից:

Ավելի պարզ ասած, սթրես թեսթավորման հիմնական գաղափարն այն է, որ բանկը հասկանա` ինչ կարող է տեղի ունենալ, ինչպիսի վնասներ կարող է նա կրել այս կամ այն անսպասելի իրավիճակում:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սթրես-թեսթավորումը բնութագրվում է, որպես ՙմակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններին կամ բացառիկ, բայց հնարավոր իրադարձություններին վերաբերող պորտֆելի զգայունության մեթոդ՚ :

Իսկ համաձայն Միջազգային հաշվարկների բանկի (BIS)` ՙսթրես-թեսթավորումը տարբեր մեթոդներ բնութագրող տերմին է, որոնք օգտագործվում են ֆինանսական կազմակերպությունների կողմից բացառիկ, բայց հնարավոր իրադարձությունների նկատմամբ սեփական խոցելիության աստիճանը գնահատելու համար՚ :
Գոյություն ունեն սթրես թեսթավորման տարբեր տեսակներ.

Միագործոն սթրես թեսթավորում (զգայունության վերլուծություն) իրականացնելիս դիտարկվում է ռիսկային գործոններից մեկի փոփոխության ազդեցությունը բանկային պորտֆելի արժեքի վրա: Նման թեսթեր հաճախակի օգտագործվում են թրեյդերների կողմից, որոնք ցանկանում են պարզել, թե ինչ զգալի ազդեցություն կարող է ունենալ որոշակի ռիսկի գործոնի փոփոխությունը (օրինակ` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը) իրենց դիրքերի վրա:
Բազմագործոն սթրես թեսթավորում (սցենարների վերլուծություն) դիտարկում է միաժամանակ մի քանի ռիսկային գործոնների փոփոխությունը:

Բազմագործոն սթրես թեսթավորման սցենարները կարող են հիմնվել պատմական սցենարների վրա: Այդպիսի սցենարները ենթադրում են անցյալում արդեն տեղի ունեցած ռիսկային գործոնների փոփոխության դիտարկում: Սակայն տվյալ մեթոդի հիմնական թերություններից է այն, որ հաշվի չի առնվում շուկայի և իստիտուցիոնալ կառույցների բնութագիրը, որոնք ժամանակի հետ փոփոխվում են:

Բազմագործոն սթրես թեսթավորման սցենարները կարող են հիմնվել նաև հիպոթետիկ սցենարների վրա: Վերջիններս օգտագործվում են, երբ պատմական սցենարով գնահատումը չի համապատասխանում դիտարկվող բանկային պորտֆելի բնութագրին կամ հաշվի չի առնվում որոշ կարևոր ռիսկային գործոններ: Սթրես-թեսթավորման այս մեթոդի առավելությունը կայանում է հնարավոր իրադարձություններին առավել ճկուն կերպով արձագանքելու հնարավորության մեջ:

Այնուամենայնիվ, բավական բարդ է կանխորոշել նախկինում երբևէ տեղի չունեցած իրադարձությունների հավանականությունը: Սակայն հարկ է նշել, որ հիպոթետիկ սցենարները հիմնվում են ռիսկերը գնահատող մարմնի հմտության և իրատեսական ռիսկերը ճիշտ կանխատեսելու կարողության վրա, քանի որ յուրաքանչյուր բանկ իր գործունեության ընթացքում առնչվում է առանձնահատուկ ռիսկային իրավիճակների հետ և կառուցում իրեն բնորոշ սթրես-սցենարներ:

Հիպոտեթիկ սցենարներն իրենց հերթին լինում են համակարգային և ոչ համակարգային: Ոչ համակարգային հիպոթետիկ սցենարներից է այսպես կոչված վատթարագույն սցենարները: Տվյալ մոտեցման սկզբունքը կայանում է նրանում, որ բոլոր դիտարկվող ռիսկային գործոնները ընդունում են իրենց վատթարագույն արժեքները (որոշակի պատմական ժամանակահատվածի ընթացքում): Այնուհետև այդ արժեքների հիման վրա իրականացվում է բանկային պորտֆելի վերագնահատում:

Սթրես-թեստավորման առավել բարդ խնդիրներից մեկը որոշելն է, թե ինչպես պետք է փոփոխվի ռիսկային մեկ գործոնը մնացած գործոնների փոփոխության դեպքում:

Картинки по запросу testing

Համակարգային հիպոթետիկ սցենարներից է ՙփոխկապվածությունները՚ (ՙկոռելյացիաները՚): Գոյություն ունեն տարբեր կարծիքներ այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է փոփոխվեն ռիսկային գործոնների միջև կոռելյացիաները: Համաձայն տեսակետներից մեկի` էքստրեմալ իրադարձությունների դեպքում ռիսկային գործոնների միջև կոռելյացիաները պետք է լինեն նույնը, ինչ որ սովորական պայմաններում: Այսինքն` իրատեսական է իրավիճակը, երբ որոշ ռիսկային գործոններ ենթարկվում են սթրես-թեստավորման, իսկ մնացած գործոնները փոփոխվում են իրացվելիության և կոռելյացիաների (սովորական պայմանների դեպքում) պատմական նշանակությանը համապատասխան:

Համաձայն մեկ այլ տեսակետի` ճգնաժամային պայմաններում կոռելյացիաները փոփոխվում են, հետևաբար դրանց պատմական նշանակության օգտագործումը կբերի սխալի:

Գոյություն ունեն նաև ՙՄոնտե-Կառլո՚ մեթոդի վրա հիմնված համակարգային հիպոթետիկ սցենարներ, որոնց առավելությունը կայանում է շուկայի բարդ վարքագծի մոդելավորման հնարավորության մեջ: Այս մեթոդի թերությունը նրա բարդ իրացվելիությունն է, այսինքն` հզոր հաշվողական ռեսուրսների անհրաժեշտությունը:

Բազմագործոն սթրես թեսթավորման համակարգային հիպոթետիկ սցենարներից է ՙէքստրեմալ արժեքների մոդելը՚: Տվյալ դեպքում որոշակի ժամանակահատվածի ընթացքում (պատմական) ռիսկային գործոններին բաշխվում են էքստրեմալ արժեքներ: Այնուհետև վերոնշյալ բաշխման հիմքի վրա հաշվարկվում է VaR-ի մեծությունը: Հարկ է նշել, որ երբ վերլուծվում է ուղղակի սովորական բաշխումը, ապա սթրեսային իրավիճակները պարզապես հաշվի չեն առնվում: Իսկ երբ բաշխումն իրականացվում է էքստրեմալ արժեքները հաշվի առնելով, ապա վերոնշյալ բացթողումից կարելի է խուսափել :

Միջազգային պրակտիկայում որոշակի կիրառում ունի նաև այսպես կոչված ագրեգիրացված սթրես-թեսթավորումը, որն իրենից ներկայացնում է որոշակի սթրեսային իրավիճակների նկատմամբ մի խումբ կազմակերպությունների զգայունության գնահատում: Նման վերլուծության նպատակն է պարզել ֆինանսական համակարգի կառուցվածքային խոցելիությունն ու ռիսկին ենթարկվելը:

Սթրես-թեսթերը չեն ենթադրում հաշվարկման կոնկրետ մեթոդիկա, քանի որ դիտարկվում են տարբեր ռիսկերին վերաբերվող կոնկրետ սցենարներ, և յուրաքանչյուր սցենարի դեպքում համապատասխան մեթոդով հաշվարկվում են բանկի վնասը կամ օգուտը:

Բանկերի` շուկայական ռիսկերի կառավարման համակարգում սթրես-թեսթավորման բազմագործոն սցենարները պետք է դառնան պարբերական, ստանդարտ գործընթաց:
Սթրես թեսթավորումը հանդիսանում է ռիսկերի կառավարման կարևոր գործիք, որը.

  • պետք է օգտագործվի բանկի կողմից, որպես ռիսկ մենեջմենթի բաղկացուցիչ մաս,
  • զգուշացնում է բանկի ղեկավարությանը բազում ռիսկերի ներգործության անսպասելի, ոչ բարեհաջող հետևանքների մասին, ինչպես նաև ցույց է տալիս` ինչ չափի միջոցներ կարող են անհրաժեշտ լինել բանկին լուրջ ցնցումներից առաջացած վնասները ծածկելու համար,
  • տալիս է ռիսկի ապագա կանխատեսման գնահատական,
  • ցույց է տալիս բանկի` ռիսկերի նկատմամբ զգայունության մակարդակը: