Մարքեթինգ, տնտեսագիտական մասնագիտություն

Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։

Հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը, շուկայագիտությունը կամ շուկայավարությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի փիլիսոփայության բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։

Մարքեթինգի հասկացությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թվականին՝ «Մենեջմենթի ամերիկյան դպրոցի» ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից սկսած։

Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները.

Ըստ Ամերիկյան մարքեթինգային ասոցիացիայի. «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։

Ըստ Ֆիլիպ Կոտլերի «Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով»։

Մասնավորապես նույն Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգը բնորոշել է նաև հետևյալ կերպ. «Մարքեթինգը սոցիալական գործընթաց է, որի միջոցով բավարարվում են անհատների կամ նրանց խմբերի պահանջմունքների օգտակարությամբ օժտված ապրանքների ու ծառայությունների, ապրանքների ու ծառայությունների արտադրության, իրացման կամ դրանք այլ անձանց հետ փոխանակելու ճանապարհով»։

Հ. Տակեուչի. «Մարքեթինգը գլոբալ պահանջարկի ձևավորման և դրա հետագա բավարարման փիլիսոփայություն է»:

Լ. Բագիև. «Մարքեթինգը առք ու վաճառքի գործընթացում ներգրավված կազմակերպությունների միջև ձևավորված փոխհարաբերությունների ցանցն է»։

Մարքեթինգ ի զարգացման էվոլյուցիա

Մարքեթինգը անցել է զարգացման հետևյալ փուլերը.

  • Արտադրության ժամանակաշրջան — 1870 — 1930 թվականներ
  • Վաճառքի ժամանակաշրջան — 1930-ական թվականներից մինչև 1950-ական թվականներ
  • Շուկա կողմնորոշման ժամանակաշրջան — 1950-ական թվականներից մինչև 1980-ական թվականներ
  • Մարքեթինգային գաղափարի կողմնորոշման ժամանակաշրջան — 1980-ական թվականներից մինչ այսօր։

Մարքեթինգի զարգացման ընթացքում ձևավորվեցին դրա ենթաճյուղերը.

  • Ծառայությունների և սպասարկման ոլորտի մարքեթինգը,
  • Արդյունաբերական մարքեթինգը,
  • Զբոսաշրջային ոլորտի մարքեթինգը,
  • Բանկային մարքեթինգը,
  • Գլոբալ մարքեթինգը,
  • Էլեկտրոնային կամ ինտերնետ մարքեթինգը և այլն։