Գովազդ A1
Գովազդ A1
Գովազդ A1

Շուկա, փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։

Գովազդ A2

 Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և այլնով։

Շուկա - Տեսություններ

Ադամ Սմիթը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776 թ.) աշխատության մեջ նշել է «անտեսանելի ձեռքի» սկզբունքի մասին, ըստ որի՝ ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։

Նորդասական դպրոցի հիմնադիր Ալֆրեդ Մարշալը իր «Տնտեսագիտության սկզբունքները» (1890 թ.) աշխատության մեջ շուկան բնորոշում է որպես «մարդկանց ցանկացած խումբ, որը մտնում է գործարար կապերի մեջ և կնքում ապրանքի հետ կապված գործարքներ»։ Մեկ այլ առումով Ալֆրեդ Մարշալը շուկան բնութագրում է որպես «առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության համակարգ», որը կարգավորվում է պահանջարկի և առաջարկի օրենքով։

ADs 3
ADs 4

Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ Ֆիլիպ Կոտլերը շուկայի բնորոշումը կատարում է՝ ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։

Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ Ռոնալդ Քոուզը շուկան բնորոշում է որպես «բնական կարգ»։ Ըստ նրա՝ շուկան օբյեկտիվորեն սահմանված կարգ է, որը գործում է որոշակի «խաղի կանոններով»։ Այնտեղ, որտեղ խախտվում է այդ կարգը, թուլանում է «սեփականության իրավունքը», որն էլ իր հերթին մեծացնում է «տրանսակցիոն ծախսերը», այսինքն՝ անարդյունավետությունը։ Սեփականության իրավունքի ամրագրումը, ըստ Քոուզի, այն հիմքն է, որը ձևավորում է շուկայական մեխանիզմը՝ իր բոլոր առավելություններով հանդերձ։

Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ կան շուկայի այլ բնորոշումներ.

  • շուկան ապրանքների արտադրության և փողի միջոցով իրացման հարաբերությունների ամբողջություն է
  • շուկան ապրանքների արտադրության և շրջանառության օրենքներով կազմակերպվող փոխանակություն է
  • շուկան գնորդների և վաճառողների փոխհարաբերության մեխանիզմ է, այլ խոսքով՝ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերություն
  • շուկան ազատ՝ կամավոր և համարժեք փոխանակության համակարգ է։
ADs 5

Շուկա - Հիմնական տարրերը

Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են՝ պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում իրական հարաբերություններ՝ նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ՝ նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։

Պահանջարկ և առաջարկ

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն՝ պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով՝ սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը՝ որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։

Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը՝ վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։

Առաջարկը՝ որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։

Գին

Գինը՝ որպես շուկայի տարր, կարգավորիչի դեր է կատարում առաջարկի և պահանջարկի միջև։ Գինը դիտարկվում է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի տեսանկյունից։ Պահանջարկի գինը գնորդի կողմից ներկայացվող գինն է, իսկ առաջարկի գինը՝ վաճառողի։ Դրա բարձրացումը նվազեցնում է պահանջարկը և մեծացնում առաջարկը։ Իր հերթին պահանջարկի և առաջարկի փոփոխությունն ազդում է գնի մակարդակի վրա։ Եթե պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում է, և հակառակը։ Եթե առաջարկը մեծանում է, գինը նվազում է, և հակառակը։ Այդ է պատճառը, որ շուկայի սահմանումը ներակայացնելիս կարևորվում է գնային ազդակների (իմպուլսների) կամ ազդանշանների դերը։ Գինը յուրահատուկ տեղեկատվության աղբյուր է տնտեսավարող սուբյեկտների համար։ Շուկայական գինը սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, որը պայմանավորված է մրցակցությամբ։

Մրցակցություն

Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև պայքարն է միավոր արդյունքի ծախսերը կրճատելու, բարիքի քանակական և որակական պարամետրերը բարելավելու, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ ներդնելու ճանապարհով ավելի շատ սպառողներ ներգրավելու և եկամուտներ ապահովելու համար։ Մրցակցությունը արտադրության շարժիչ ուժն է։ Բոլոր արտադրողները ցանկանում են շուկայից դուրս մղել մյուսներին։ Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք ավելի խնայողաբար և արդյունավետ են օգտագործում առկա ռեսուրսները, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման գործում, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում է միավոր բարիքի ծախսերը և ապահովում ավելի որակյալ արտադրանք։ Այսպիսով՝ շուկայական տնտեսությունը հիմնված է երեք առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և հասարակության աճող պահանջմունքների բավարարում։

Շուկայի կառուցվածքը

Շուկան իրենից ներկայացնում է բարդ տնտեսական համակարգ, հետևաբար նրա կառուցվածքը լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է կատարել շուկայի դասակարգում, այսինքն՝ շուկայի տարբեր տարատեսակները հարկ է ներկայացնել որոշակի խմբերով: Քանի որ շուկան բարդ կառույց է, ուստի դասակարգելիս հիմք են ընդունվում տարբեր հատկանիշներ կամ չափանիշներ.

  1. ըստ տարածքային կամ տերիտորիալ հատկանիշների շուկաները հանդես են գալիս ներքին կամ ազգային և արտաքին կամ համաշխարհային շուկայի ձևերով: Գոյություն ունեն նաև ռեգիոնալ կամ տարածաշրջային շուկաներ, որոնք գործում են երկրի որևէ տարածաշրջանում կամ էլ աշխարհի որևէ տարածքում
  2. ըստ օրինականության հատկանիշի շուկան լինում է լեգալ կամ օրինական և անլեգալ կամ ոչ օրինական. վերջինս հանդես է գալիս ընդհատակյա շուկայի, ստվերային, սև շուկայի տեսքով:
  3. ըստ մրցակցության հատկանիշի տարբերվում են ազատ կամ կատարյալ մրցակցության շուկան և ոչ կատարյալ մրցակցության շուկան
  4. ըստ հագեցվածության հատկանիշի շուկաները կարող են լինել գերհագեցած, եթե առաջարկը գերազանցում է պահանջարկին, թերհագեցած կամ դեֆիցիտային, եթե պահանջարկն է գերազանցում առաջարկին և հավասարակշռված շուկայի ձևով, եթե պահանջարկն ու առաջարկը հավասար են միմյանց
  5. ըստ շուկայական հարաբերությունների սուբյեկտների շուկաները լինում են գնորդների շուկայի ձևով, որտեղ գերակայությունը գնորդների կողմն է, վաճառողների շուկայի ձևով, որտեղ գերակայությունը վաճառողների կողմն է և միջնորդային շուկայի ձևով, որտեղ գերակայունությունը միջնորդների կամ բորսաների կողմն է
  6. ըստ շուկայի օբյեկտների առանձնացվում են շուկայի հետևյալ տեսակները
  • արտադրության միջոցների շուկա
  • սպառման առարկաների և ծառայությունների շուկա
  • աշխատանքի շուկա
  • կապիտալի և արժեթղթերի շուկա
  • արտարժույթի շուկա
  • գիտատեխնիկական մշակումների և լիցենզիաների շուկա
  • տեղեկատվական շուկա:

Շուկայի վերը նշված դասակարգումներից առավել բնութագրական է համարվում ըստ օբյեկտների նրա դասակարգումը, այսինքն հիմք ընդունելով այն, թե գնման ու վաճառքի օբյեկտը ինչն է հանդիսանում՝ ապրանքների և ծառայությունների շուկա:

Շուկայի ենթակառուցվածքները

Շուկայական էկոնոմիկայի ձևավորման և զարգացման կարևոր նախադրյալներից է համարվում շուկայական ենթակառուցվածքների առկայությունը: Շուկայական ենթակառուցվածքները այն տնտեսական կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների ամբողջությունն է, որոնք նպաստավոր պայմաններ են ապահովում շուկայական հարաբերությունների բնականոն գործունեության և զարգացման համար:

Շուկայական ենթակառուցվածքները օժանդակ, սպասարկող դեր են կատարում շուկայի հիմնական կառուցվածքային օղակների համար:

Շուկայական ենթակառուցվածքների մեջ մտնում են հետևյալ օղակները.

  1. առևտրային ցանցը, որը ներառում է առևտրային բազաները, պահեստները, խանութները և վաճառքի այլ օբյեկտները
  2. տոնավաճառները, ցուցահանդես վաճառքները, մրցույթային վաճառքները, աճուրդները
  3. տրանսպորտային մայրուղիների, երկաթուղիների, նավահանգիստների, կայարանների և դրանց համապատասխան պահեստային տնտեսությունների առկայությունը
  4. առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների առկայությունը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի շուկայի սուբյեկտները անհրաժեշտության դեպքում վարկեր վերցնեն, ինչպես նաև բանկերի միջոցով կատարեն իրենց ֆինանսական գործառնությունները այլ կազմակերպությունների հետ:
  5. բորսաների առկայությունը, որոնք հանդես են գալիս ապրանքահումքային, ֆոնդային, աշխատանքների բորսաների ձևով, հատկապես կարևորվում է ֆոնդային բորսան, որի մեջ մտնում է ոլորտային շուկան և արժեթղթերի շուկան:
  6. ապահովագրության ծառայությունների առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել տնտեսական ռիսկը՝ նպաստելով գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանը:
  7. գովազդային ծառայությունը, որը նպաստում է ապրանքների արագ իրացմանը և ներդրված կապիտալի շրջանառության արագացմանը:
  8. տեղեկատվական ծառայությունների առկայությունը:

Այսպիսով շուկայական ենթակառուցվածքները իրենցից ներկայացնում են շուկայական կոմունիկացիայի ամբողջությունը այնպես, ինչպես որևէ քաղաք, բնակավայր առանց կոմունիկացիաների, այսինքն՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման, տրանսպորտի, դպրոցների, սպասարկող օբյեկտների չի կարող նորմալ գործել, շուկան նույնպես առանց ենթակառուցվածքների չի կրող բնականոն գործել:

ADs 6
ADs 8
ADs 8
Բրենդեր
Հարցում
Մարքեթինգ
Պաշտոնական
Տեխնոլոգիաներ
ADs 7
ADs 7
ADs 7