Ռիսկ
Յուրաքանչյուր գործունեություն, ինչպիսին էլ այն լինի, իր մեջ ներառում է ռիսկի մաս: Ռիսկ ն իրենից ներկայացնում է անորոշության տարր, որը կարող է անդրադառնալ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի գործունեությանը:
Ռիսկը ցանկացած տնտեսական գործունեության պարտադիր տարրերից մեկնէ: Դա կորուստ կամ օգուտ կրելու հնարավոր վտանգն է, որը բխում է վերջնական արդյունքի անորոշությունից: Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ ձգտում է նվազեցնել ռիսկը: Ռիսկի ճիշտ գնահատման ունակությունը դառնում է ձեռնարկության ղեկավարի վարքագծի կարևորագույն հատկանիշներից մեկը:
«Ռիսկ» բառը ծագել է «ridiskon-ժայռ» բառից: Ռիսկը սահմանվում է որպես վտանգ, կորուստ կրելու կամ եկամուտներ չստանալու հնարավորություն:
Ռիսկային իրավիճակը կապված է վիճակագրական գործընթացների հետ, որոնց ուղեկցում է երեք պայման.
- անորոշության առկայություն,
- այլընտրանքի անհրաժեշտություն,
- ընտրված տարբերակների իրականանալու հավանականությունը գնահատելու հնարավորություն:
Ինչպես ցանկացած ֆինանսական գործունեություն, այնպես էլ բանկայինը մշտապես ռիսկ է պարունակում:
Բանկերի տեսանկյունից ռիսկը սեփականատերերի և բանկերի հաճախորդների կողմից բանկում ներդրված գումարները կորցնելու հավանականությունն է: Բանկային ռիսկն այն բանի հավանականությունն է, որ բանկը տվյալ գործունեության արդյունքում շահույթ չի ստանա, կստանա նախատեսված ծավալներին զգալիորեն զիջող շահույթ կամ ընդհանրապես վնաս կկրի: Ռիսկերի հնարավոր առավելագույն նվազեցումը կամ ընդհանրապես բացառումն ուղղակիորեն իր ազդեցությունը կունենա բանկի ֆինանսական արդյունքների վրա:
Բանկային ռիսկերի կառավարումը այլ ռիսկերի կառավարման համեմատությամբ ունեն որոշակի առանձնահատկություն, քանի որ բանկերը աշխատում են ներգրաված միջոցներով (այդ թվում` նաև ֆիզիկական անձանցից) և ենթարկվում են սոցիալական պատասխանատվության: Այս պատճառով է, որ կենտրոնական բանկերը մեծ ուշադրություն են դարձնում առևտրային բանկերի ռիսկերի կառավարման վրա ինչպես վերահսկողական մեթոդներով, այնպես էլ տնտեսական նորմատիվների համակարգի միջոցով:
Այսպիսով` ռիսկը սպասվող կամ անսպասելի ստեղծված իրավիճակներից բխող, բանկի համար անբարենպաստ պայմանների, կորուստների առաջացման հավանականությունն է: