Յունիբանկ

Յունիբանկը հիմնադրվել է 2001թ. հոկտեմբերին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 81 լիցենզիա՝ տրված 09.10.2001թ.:

Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր եւ միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով « Յունիբանկ» ԲԲԸ-ն իրականացրել է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով:

Բանկը հանդիսանում է ArCa տեղական եւ Visa International միջազգային վճարային համակարգերի անդամ, դրամական փոխանցումներ է իրականացնում SWIFT, Յունիստրիմ եւ IntelExpress համակարգերի միջոցով: Յունիբանկն առաջին բանկն է Հայաստանում, որը հաջողությամբ անցավ SWIFT վճարային համակարգի կողմից մշակված անվտանգության պահանջներին համապատասխանության ատեստավորումը:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:

Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաեւ ստացել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության հավաստագիր: Յունիբանկը հաջողությամբ անցել է PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը եւ ստացել հավաստագիր:

Վարկավորման ծրագրի շրջանակներում Յունիբանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (BSTDB) եւ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ:

Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի նշանակալից մասնակիցն է «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդը»` 87,8 %: Բանկի անուղղակի նշանակալից մասնակիցներն են «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ» ընկերության երկու մասնակիցներ` Գագիկ Զաքարյանը եւ Գեորգի Պիսկովը:

Բանկի աշխատակիցների թիվը` 927:

2017 թ. դեկտեմբերի 31 դրությամբ՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,587,844 հազ. դրամ, ակտիվները՝ 203,220,678 հազ. դրամ, պարտավորությունները՝ 167,632,834 հազ. դրամ: