«Աշխարհի ամենահայտնի ուտոպիաներից մեկն ընդհանուր արժույթի հարցն է: Բիթքոինը (bitcoin) հավակնում է դառնալ այդ միասնական էլեկտրոնային արժույթը: Անգամ նման համեմատություն է շրջանառվում. ինչպես ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ այլ երկրներ ունեն իրենց արժույթը, այդպես էլ ինտերնետն ունի իրենը՝ բիթքոինը:
Առասպելական է հատկապես բիթքոինի (bitcoin) ստեղծումը.
«Ասում են, բիթքոինի առաջին ծրագիր-դրամապանակը ստեղծել է Սաթոշի Նակոմոտո կեղծանունով հանդես եկող մի հաքեր 2009 թվականին, եւ կոդն ազատ հասանելիությամբ տեղադրել համացանցում: Այլ ծրագրավորողներ բնօրինակ կոդին արել են հավելումներ՝ ստանալով իրենցը: Բիթքոին դրամապանակների իմաստն այն է, որ դրանք չեն կառավարվում ոչ մի կազմակերպության կամ պետության կողմից, եւ տեսականորեն յուրաքանչյուրը կարող է ստեղծել ծրագրի իր տարբերակը:
Ապակենտրոնացված թվային այս արժույթով գործարքներն իրականացվում են առանց կենտրոնական մարմնի կառավարման՝ երկու սուբյեկտների միջեւ ուղիղ ցանցային կապով:
Այն թույլ է տալիս գործարքներում մնալ անանուն՝ հանդես գալով կեղծանվամբ, իսկ ապահովության միակ երաշխիքը ցանցի կատարելությունն է ու բիթքոինն օգտագործողների միջեւ ներքին համաձայնությունը. «Իզուր չէ, որ բիթքոինն անվանում են «ընդհատակյա փող», որի հետ կապված շատ հարցեր պարզ չեն, երբեմն` նույնիսկ խորհրդավոր»:
Միանշանակ չենք կարող ասել, որ բիթքոինն էլեկտրոնային փող է, չնայած որ այն ներկայացվում է նաեւ այդպիսին. «Էլեկտրոնային փողի հետեւում միշտ լինում է կանխիկ գումար կամ ոսկի, : Այդպես է գործում, օրինակ Webmoney-ն, Яндекс. Деньги-ն եւ այլն: Բիթքոինը, որպես վիրտուալ արժույթ, ուղղակիորեն կախված չէ որեւէ իրական արժույթից: Այն համեմատում են ոսկու հետ՝ անվանելով նաեւ «թվային ոսկի»:
Ոսկու գաղափարն ակնհայտ է բիթքոինի անվան, լոգոյի, ինչպես նաեւ այս արժույթով իրականացվող մի շարք գործընթացների մեջ:
Օրինակ՝ բիթքոինի փոխանցումների իրականացմանը հետեւում եւ ապահովում են հզոր համակարգիչների առջեւ նստած մարդիկ, որոնց անվանում են բիթքոինի «հանքափորներ», բիթքոինի առքուվաճառքն իրականացվում է վիրտուալ բորսաներում»:
Այս տեխնոլոգիան հավակնում է լուծել երկու կարեւոր հարց. բիթքոինը տարածել եւ հաստատել ողջ աշխարհում՝ որպես միասնական էլեկտրոնային արժույթ, որով հնարավոր կլինի վճարել ցանկացած ծառայության կամ ապրանքի դիմաց եւ այն դարձնել փողերը պահելու ամենաապահով տարբերակը: