CAMELS
Աշխարհում ամենահայտնի ռեյտինգը CAMELS ռեյտինգավորման համակարգն է: CAMELS-ը օգտագործվում է ամերիկյան կազմակերպությունների կողմից, որոնք վերահսկողություն են իրականացնում բանկերի նկատմամբ:
1980-ական թվականներին, երբ ԱՄՆ-ի բանկային համակարգում շարունակվում էր խորը ճգնաժամը, տնտեսագետների կողմից մշակվեց բանկերի գործունեության գնահատման մի համակարգ, որն այժմ օգտագործվում է աշխարհի շատ բանկերի կողմից: Քանի որ բանկային գործունեությունը համարվում է բարձր ռիսկային, այդ համակարգը նպատակաուղղված էր գնահատել ոչ միայն առևտրային բանկերի գործունեության արդյունավետությունը, այլև ռիսկայինությունը:
CAMELS-ը ձևավորվում է հետևյալ 6 ինտեգրալ տարրերից`
- Կապիտալի համարժեքություն – Capital Adequacy
- Ակտիվների որակ – Asset Quality
- Ղեկավարություն – Management
- Շահույթ – Earnings
- Իրացվելիություն – Liquidity
- Զգայունություն շուկայական ռիսկի նկատմամբ – Sensitivity to market risk
CAMELS-ի էությունը կայանում է վերընշված 6 գործոնների վերլուծության արդյունքում բանկի հուսալիության գնահատման մեջ է: Այս մեթոդիկան անընդհատ կատարելագործվում է` իր մեջ ընդգրկելով համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացող նոր ռիսկերը:
Համաձայն այս մեթոդիկայի բանկերի կողմից ռիսկերի կառավարումը գնահատվում է 5–բալանի համակարգով` 1-ից մինչև 5 աճողական կարգով բնութագրելով բանկի հուսալիությունը:
ՈՒժեղ – 5 (strong)
Այս գնահատականը ցույց է տալիս, որ բանկն արդյունավետ է կառավարում բոլոր տիպերի հիմնական ռիսկերը, ներառյալ նոր ծառայություններով և շուկայում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված ռիսկերը: Բանկի խորհուրդը և ղեկավարությունը ռիսկերի կառավարման ակտիվ մասնակիցներ են և վարում են ճիշտ քաղաքականություն` ապահովելով ռիսկերի մոնիտորինգը, իրականացվում է անհրաժեշտ վերլուծություն և համարժեք արձագանքում փոփոխվող պայմաններին: Ռիսկերի կառավարումը տվյալ դեպքում արդյունավետ է և կայուն:
Լավ – 4 (satisfactory):
Այս գնահատականը ցույց է տալիս, որ բանկի ռիսկերի կառավարումը հիմնականում արդյունավետ է, սակայն նկատվում է նրա չնչին վատթարացում և այդ ռիսկերը ժամանակին նկատվել են և կվերացվեն: Ընդհանուր առմամբ, տվյալ բանկի ռիսկերի կառավարումը կարելի է համարել կայուն և արդյունավետ:
Բավարար – 3 (fair)
Այս գնահատականը տրվում է այն բանկերին, որոնց ռիսկերի վերահսկման ընթացակարգերը բարելավման կարիք ունեն, որպեսզի ղեկավարման օղակը կարողանա հայտնաբերել, հսկել և համարժեք կերպով կառավարել առաջացող ռիսկերը:
Սահմանային – 2 ( marginal)
Այս գնահատականը ստացող բանկերին չի հաջողվում գտնել, հսկել և կառավարել կարևորագույն ռիսկերը, որի պատճառով նրանք կարող են կրել զգալի նյութական վնասներ: Ընդհանրապես, այդպիսի իրավիճակները արտացոլում են նաև ղեկավարման օղակի համարժեք և նպատակաուղղված հսկողության բացակայությունը: Այս իրավիճակը պահանջում է շտապ շտկման գործողությունների իրականացում բանկի ղեկավարության կողմից:
Անբավարար – 1 (unsatisfactory)
Այս գնահատականը ցույց է տալիս բանկի կողմից ռիսկերը հայտնաբերելու, հսկելու և կառավարելու արդյունավետ մեխանիզմների հիմնովին բացակայության փաստը: Այս բանկերը գտնվում են խոր ճգնաժամի մեջ և պետք է ձեռնարկեն անհապաղ միջոցներ՝ իրավիճակը շտկելու համար:
CAMELS-ով հաշվարկված ամփոփ գնահատականը ձևավորվում է 6 տարրերի միջին թվաբանական արդյունքով: Միջին հաշվով CAMELS ռեյտինգավորման համակարգը հաշվարկվում է տարին մեկ անգամ, սակայն կայուն բանկերի համար՝ ժամանակի առավել արդյունավետ օգտագործման նպատակով հետազոտությունները կարող են անցկացվել 18 ամիսը մեկ անգամ, իսկ պրոբլեմային բանկերի համար` ավելի հաճախ, քան 12 ամիսն է:
CAEL
CAEL-ը հանդիսանում է ռեյտինգավորման համակարգի դիստանցիոն տեսակներից, որը մշակվել է 80–ական թվականների կեսերին: Ինչպես երևում է անվանումից, այն իր մեջ չի ներառում M գործոնը (ղեկավարություն), որը հնարավոր չէ գնահատել դիստանցիոն եղանակով: Մնացած կոմպոնենտները վերլուծվում են 19 տարբեր գործակիցների միջոցով: Իհարկե, ստացված արդյունքները իրենց ճշգրտությամբ զիջում են CAMELS ռեյտինգավորման համակարգին, սակայն գնահատման այս տարբերակն ունի իր առավելությունները.
- գնահատման գործընթացը բավականաչափ արագ է կատարվում;
- գնահատման նման համակարգը քիչ ծախսումներ է պահանջում;
- հնարավոր է այն իրականացնել բավականին հաճախ:
Ներկայումս բանկերի դիստանցիոն վերլուծության կազմակերպումը դարձել է առավել ճշգրիտ` շնորհիվ զարգացած մաթեմատիկական ապարատի: Այդ պատճառով էլ CAEL ռեյտինգավորման համակարգը համարվում է հնացած:
SCOR, SEER
Սկսած 2000 թվականից լայն տարածում է ստացել SCOR (Statistical CAMELS OFF Rating) վիճակագրական համակարգը: Որպես նախնական տվյալներ` այստեղ օգտագործվում են բանկային հաշվետվությունները: SCOR համակարգը թույլ է տալիս 4 – 6 ամիսների ընթացքում բավականին ճշգրիտ գնահատել բանկի գործունեության վատթարացման հավանականությունը: Իսկ առավել երկար ժամանակահատվածի` 2 տարվա կտրվածքով կանխատեսումներ անելու համար 1993 թվականին ԱՄՆ-ի Ֆեդերալ ռեզերվային համակարգը մշակել է SEER (System for Estimating Examination Ratings) մեթոդիկան: Ռուսաստանում այն առավել հայտնի է իր նախկին անվանումով` FIMS (Financial Institutions Monitoring System ): Սկզբունքային տարբերությունը SCOR–ից այն է, որ այստեղ, բացի բանկային հաշվետվություններից, օգտագործվում են նաև տարբեր ռեյտինգների և դրանց բաղկացուցիչների արժեքները: SEER–ի շրջանակներում հաշվարկվում է 2 վերջնական ցուցանիշ`
- սպասվող ռեյտինգը;
- ռիսկայնության մակարդակը:
UBPR (Uniform Banking Performance Report)
1980–ական թվականներին ԱՄՆ–ի Ֆեդերալ ռեզերվային համակարգի՝ Դրամաշրջանառությունը կարգավորող մարմնի, Դեպոզիտների ապահովագրության ֆեդերալ կորպորացիայի համատեղ ուժերով մշակվեց բանկերի գործունեության համեմատական վերլուծության UBPR ռեյտինգավորման համակարգը: Վերոհիշյալ մարմինները հաշվարկում են UBPR–ի մեջ ընդգրկված ցուցանիշները բոլոր բանկերի համար, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ֆեդերալ մակարդակով: Յուրաքանչյուր եռամսյակ UBPR հաշվետվությունները ուղարկվում է այդ բանկերին: UBPR հաշվետվությունը պարունակում է հետևյալ տվյալները բանկի վերաբերյալ .
- տեղեկատվություն յուրաքանչյուր բանկի ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ընթացիկ և նախորդ 3 տարիների կտրվածքով;
- բանկի վարկային պորտֆելի կառուցվածքը, լիզինգային գործառնությունները, դրանց ռիսկայնության աստիճանը;
- կապիտալի ձևավորման աղբյուրները:
BOPEC
Ֆեդերալ ռեզերվային համակարգը (FRS) այլ ռեյտինգ է օգտագործում բանկային հոլդինգների վերահսկողության իրականացման համար: Այն իրենից ներկայացնում է BOPEC ռեյտինգավորման համակարգը, որը կազմված է ստորև նշված 5 բաղադրիչների սկզբնատառերից `
- Bank Subsidairies (դուստր ընկերություններ);
- Other Subsidairies (այլ բանկեր );
- Parent Company (հիմնադիր ընկերություններ );
- Earnings (եկամտաբերություն );
- Capital (կապիտալ)
Առանձին գնահատվում է մենեջմենթի եռաստիճան ռեյտինգը:
PATROL
Ռեյտինգավորման այս համակարգը կիրառվում է Իտալիայում սկսած 1993 թվականից: Այստեղ տեղեկատվության հիմնական աղբյուր է հանդիսանում բանկի կանոնակարգված հաշվետվությունը, որի հիման վրա հաշվարկվում են 5 բաղկացուցիչներ.
- կապիտալի համարժեքություն,
- շահութաբերություն,
- վարկերի որակ,
- կազմակերպում և կառավարում
- իրացվելիություն
Այս համակարգը կազմված է հիմնականում նույն սկզբունքներով, ինչ որ CAMELS–ը:
ORAP
Սկզբունքորեն այլ դասակարգում է կիրառվում ORAP (Organization and Reinforcement of Preventive Action) ֆրանսիական ռեյտինգավորման համակարգում: ORAP–ը կազմված է 14 ցուցանիշներից և այդ ցուցանիշները բաժանված են 5 խմբի.
- պրուդենցիալ գործակիցներ ( կապիտալ, իրացվելիություն և այլն)
- հաշվեկշռային և արտահաշվեկշռային գործունեություն` ակտիվների որակը, վերահսկելի վարկեր և այլն,
- շուկայական ռիսկ,
- եկամուտներ,
- որակական գործոններ`բաժնետերեր, ներքին վերահսկողություն և կառավարում:
ORAP–ը որպես տեղեկատվության աղբյուր օգտագործում է ֆրանսիական բանկի և Բանկային հանձնաժողովի տվյալների բազան, բանկերի արտաքին աուդիտորների և վերահսկողություն իրականացնող այլ մարմինների տվյալները և այն տեղեկատվությունը, որը ստացվում է եվրոպական այլ պետությունների բանկային վերահսկողություն իրականացնող մարմինների հետ կնքված համաձայնագրերից:
BAKIS
1997 թ. Գերմանիայի Կենտրոնական Բանկի (Deutche Bundesbank) կողմից կիրառվում է BAKIS (BAKred Information System) գործակցային վերլուծության համակարգը, որը ներառում է 47 գործակից.
- 19 գործակից` վարկային ռիսկի գծով (այդ թվում նաև վճարունակության գործակիցը);
- 16 գործակից ` շուկայական ռիսկի գծով;
- 2 գործակից ` իրացվելիության ռիսկի գծով;
- 10 գործակից ` բանկային գործառնությունների շահութաբերության գծով:
Նշված բոլոր ցուցանիշներին վերագրվում են հավասար կշռային գործակիցներ:
RAST
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Նիդեռլանդների փորձը, որտեղ վարկային կազմակերպությունների հուսալիությունը որոշելու համար մանրամասն ուսումնասիրվում են ինչպես անմիջապես բանկային գործունեությունը բնութագրող ցուցանիշները, այնպես էլ մակրոտնտեսական ինդիկատորներ, որոնք ազդեցություն են ունենում ողջ բանկային համակարգի վրա (ՀՆԱ–ի աճի տեմպը, արդյունաբերական արտադրության աճը, գործազրկության մակարդակը, եվրոյի փոխարժեքը և այլն): 1999թ-ից Նիդեռլանդներում կիրառվում է բանկերի գործունեության գնահատման RAST (Risk Analysis Support Tool) համակարգը, որը բաղկացած է հետևյալ փուլերից. կազմակերպության գործունեության ընդհանուր նկարագրություն և ֆինանսական վերլուծություն` հաշվետվությունների և կատարված հետազոտությունների հիման վրա,կազմակերպության բաղդատումն առանձին խոշոր ենթաբաժինների, առանձին ենթաբաժինների կառավարման և ռիսկի գնահատում, ստացված արդյունքների ամփոփում և հաշվետվությունների կազմում (ընդ որում` առանձին ստորաբաժանումներին վերագրվում են տարբեր կշռային գործակիցներ` կախված կազմակերպության ընդհանուր բյուջեում նրանց զբաղեցրած տեսակարար կշռից):