Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միջազգային և տեղական գործընկեր համալսարանների հետ մեկնարկել է ԵՄ «Էրազմուս+»-ի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման DIGITECH միջազգային ծրագիրը, որի նպատակն է կրթական ծրագրերը համապատասխանեցնել թվային լուծումներին և նոր տեխնոլոգիաներին՝ նպաստելով գիտակրթական ոլորտում համագործակցության արդիականացմանը։
Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է կրթական բաղադրիչների կիրառական հնարավորությունների բարելավումը լաբորատոր և գործնական նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Այս գործընթացում նախատեսվում է նաև գործատուների ներգրավում՝ կրթության և աշխատաշուկայի կապը առավել ամրապնդելու նպատակով։
DIGITECH ծրագրի մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 12–16-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ ՀՊՏՀ-ից հանդիպմանը մասնակցել է միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը։ Վերջինս հանդես է եկել նաև հանդիպման շրջանակում կազմակերպված միջազգային ՏՏ գիտաժողովում՝ ներկայացնելով «կանաչ» որոշումների կայացման տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկությունները բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) համատեքստում։
Ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Ղրղզստանի, Գերմանիայի, Սլովենիայի, Վրաստանի և Հայաստանի բուհերի ներկայացուցիչները պայմանավորվել են ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում նախաձեռնել նոր ծրագրեր՝ ընդլայնելով արդեն իսկ հաջողված համագործակցությունը։
DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Էրազմուս+» ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում։



