Տնտեսագետ

ՀՊՏՀ-ում ամփոփվեց MISTI միջազգային ծրագիրը՝ MIT ներկայացուցիչների մասնակցությամբ

Հունվարի 12-23-ը ՀՊՏՀ-ն հյուրընկալեց ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ներկայացուցիչներ Նաթան Քոլեթին, Միչ Հայլենդին և Էլիզաբեթ Յաոնին։ MISTI միջազգային ծրագրի շրջանակում հյուրերը ՀՊՏՀ ուսանողների համար անցկացրին բովանդակալից դասախոսություններ, ինչպես նաև դասախոսների մասնակցությամբ կազմակերպեցին աշխատաժողովներ՝ նվիրված էկոնոմետրիկայի, ներդրումների և ֆինանսական շուկաների, ինչպես նաև տեխնոլոգիական ու թվային զարգացման արդիական թեմաներին։

Ծրագրի ընթացքում MIT ներկայացուցիչներին միացան նաև Գեորգի Օբատնինը՝ Էդինբուրգի համալսարանից, և Քարտեր Դանգեյթը՝ Լոնդոնի տնտեսագիտության համալսարանից՝ ընդլայնելով մասնագիտական քննարկումների շրջանակը և միջազգային փորձի փոխանակման հնարավորությունները։

Երկու շաբաթ տևած ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն խորացնելու տեսական գիտելիքները, այլև ձեռք բերելու գործնական փորձառություն և զարգացնելու մասնագիտական հմտությունները։ Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին նաև ճանաչողական այցեր Հայաստանի ֆոնդային բորսա և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որոնց ընթացքում հյուրերը ծանոթացան Հայաստանի ֆինանսական շուկայի և նորարարական էկոհամակարգի գործունեությանը։

Այցի ավարտին օտարերկրյա հյուրերը հանդիպում ունեցան ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի հետ, որի ընթացքում ամփոփեցին ծրագրի արդյունքները։ Ռեկտորը միջազգային գործընկերներին պարգևատրեց հավաստագրերով և հուշանվերներով։

Scroll to Top