Շուկա, փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։
Շուկա, փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։
Շուկա — Տեսություններ
Ադամ Սմիթը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776 թ.) աշխատության մեջ նշել է «անտեսանելի ձեռքի» սկզբունքի մասին, ըստ որի՝ ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։
Նորդասական դպրոցի հիմնադիր Ալֆրեդ Մարշալը իր «Տնտեսագիտության սկզբունքները» (1890 թ.) աշխատության մեջ շուկան բնորոշում է որպես «մարդկանց ցանկացած խումբ, որը մտնում է գործարար կապերի մեջ և կնքում ապրանքի հետ կապված գործարքներ»։ Մեկ այլ առումով Ալֆրեդ Մարշալը շուկան բնութագրում է որպես «առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության համակարգ», որը կարգավորվում է պահանջարկի և առաջարկի օրենքով։
Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ Ֆիլիպ Կոտլերը շուկայի բնորոշումը կատարում է՝ ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։
Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ Ռոնալդ Քոուզը շուկան բնորոշում է որպես «բնական կարգ»։ Ըստ նրա՝ շուկան օբյեկտիվորեն սահմանված կարգ է, որը գործում է որոշակի «խաղի կանոններով»։ Այնտեղ, որտեղ խախտվում է այդ կարգը, թուլանում է «սեփականության իրավունքը», որն էլ իր հերթին մեծացնում է «տրանսակցիոն ծախսերը», այսինքն՝ անարդյունավետությունը։ Սեփականության իրավունքի ամրագրումը, ըստ Քոուզի, այն հիմքն է, որը ձևավորում է շուկայական մեխանիզմը՝ իր բոլոր առավելություններով հանդերձ։
Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ կան շուկայի այլ բնորոշումներ.
շուկան ապրանքների արտադրության և փողի միջոցով իրացման հարաբերությունների ամբողջություն է
շուկան ապրանքների արտադրության և շրջանառության օրենքներով կազմակերպվող փոխանակություն է
շուկան գնորդների և վաճառողների փոխհարաբերության մեխանիզմ է, այլ խոսքով՝ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերություն
շուկան ազատ՝ կամավոր և համարժեք փոխանակության համակարգ է։
Շուկա — Հիմնական տարրերը
Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են՝ պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում իրական հարաբերություններ՝ նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ՝ նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։
Պահանջարկ և առաջարկ
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն՝ պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով՝ սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը՝ որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։
Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը՝ վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։
Առաջարկը՝ որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։
