Ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանի տնտեսության զարգացման համար, և ի՞նչ դեր ունեն այդ գործընթացում կրթությունը, ֆինանսական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու նոր տեխնոլոգիաները։ Այս հարցերի շուրջ վերջին տասնօրյակում մասնագիտական քննարկումներ են ծավալվել ՀՊՏՀ-ում՝ «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի» հանրայնացման շրջանակում։ Հանդիպումներն ընդգրկել են համալսարանի բոլոր վեց ֆակուլտետները՝ նպատակ ունենալով վերլուծելու փաստաթղթի հիմնադրույթներն ու գործնական նշանակությունը։
Քննարկումներին մասնակցեց նաև ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում նոյեմբերի 13-ին ունեցած ելույթում դոկտրինը դիտարկելով որպես ինքնաճանաչման և պատասխանատվության կարևոր ուղենիշ։ Նա առանձնահատուկ կարևորեց, որ փաստաթղթում կրթությունը հռչակված է որպես «ռազմավարությունների ռազմավարություն և որ գիտելիքահեն, հետազոտահեն որոշումների կայացումը առավել լրջորեն է շեշտարդրված դոկտրինում»։ Բուհի ղեկավարի համոզմամբ՝ բաց, անկեղծ և քաղաքակիրթ բանավեճի միջոցով հնարավոր է գործնական լուծումներ առաջարկել պետությանը, տնտեսությանն ու գործարար համայնքին։
Ռեկտորի մատնանշած գործնական լուծումների որոնման տրամաբանությամբ են ծավալվել համալսարանի ֆակուլտետներում անցկացված քննարկումները։
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի քննարկման առանցքում ռազմավարական կառավարման նոր համակարգի դրույթներն ու հայեցակարգային ուղղությունների իրագործելիության գնահատումն էր։ Մասնակիցները վերլուծել են, թե որքանով են առաջարկվող ծրագրերը ու ենթածրագրերը համահունչ աշխատաշուկայի պահանջարկին, մարդկային կապիտալի զարգացման, կրթական բարեփոխումների և թվային տեխնոլոգիաների ներդրման արդյունավետ համադրման ուղիները, ինչպես նաև ծրագրերի իրականացման տարբեր փուլերում հնարավոր ինստիտուցիոնալ ռիսկերը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության ֆակուլտետում բանախոսները կարևորել են դոկտրինի ընդունումն ու կիրառումը ոլորտային ռազմավարությունների, կատարողական ցուցանիշների մշակման և պետական կառավարման արդյունավետության բարձրացման համատեքստում։ Առանձնահատուկ շեշտադրվել է փաստաթղթի դերը մարդկային կապիտալի, կրթության և գիտության ոլորտների զարգացման, գիտելիքահեն տնտեսության կայացման գործում, ինչպես նաև տնտեսության մեջ մարդակենտրոն պետական քաղաքականության վարումը՝ «պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությունը» բանաձևի տրամաբանությամբ։
Տնտեսագիտական ֆակուլտետում շեշտադրվել է անկախության տարիներից ի վեր առկա՝ տնտեսական աճի և ինստիտուցիոնալ զարգացման միջև խզման հաղթահարման անհրաժեշտությունը՝ որպես տնտեսական բարեկեցության նախապայման։ Զեկուցողները ներկայացրել են «Իրական Հայաստանի» տնտեսական պարադիգմի վրա հիմնված փաստաթղթի հիմնական բաժինները, ՀՀ կառուցվածքային մարտահրավերներն ու դրանց համապատասխանությունը պետական ծրագրերին՝ անդրադառնալով մարդկային կապիտալի իրացմանը, ազգային արժեքների պահպանմանը, արհեստական բանականության կիրառման խնդիրներին ու հնարավոր սահմանափակումներին, օտարերկրյա ներդրումների արդյունավետությանը, տնտեսական անվտանգությանն ու պետական քաղաքականության հաշվետվողականությանը։
Կիրառական ֆինանսների ֆակուլտետում քննարկվել են ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխումների դոկտրինի առանցքային ուղղությունները՝ շեշտադրելով ֆինանսական համակարգի արդիականացումը, ներդրումային միջավայրի բարելավումը, հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետությունը և թվային տնտեսության զարգացումը։ Ֆակուլտետի կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված ֆինանսական նորարարությունների, մասնավոր ներդրումների, արհեստական բանականության և տվյալահեն կառավարման գործիքների զարգացմանը՝ որպես տնտեսական մրցունակության և կայուն աճի կարևոր նախապայմանների։
Կառավարման ֆակուլտետում ներկայացվել են դոկտրինի գաղափարական հիմքերը, զարգացման նոր տնտեսական պարադիգմի առանձնահատկություններն ու իրագործման ճանապարհային քարտեզը՝ իր փուլային տրամաբանությամբ և ակնկալվող արդյունքների գնահատման մոտեցումներով։ Մասնավորապես, դիտարկվել են տնտեսության դիվերսիֆիկացման, գիտելիքահեն ու բարձր տեխնոլոգիական տնտեսության ձևավորման, պետական կառավարման արդյունավետության բարձրացման, թվային ու թափանցիկ ինստիտուտների զարգացման, ինչպես նաև էներգետիկ, տեխնոլոգիական և պարենային անվտանգության ամրապնդման ռազմավարական առաջնահերթությունները։ Շեշտադրվել է, որ երկրի մրցունակության և երկարաժամկետ տնտեսական կայունության ապահովումը պահանջում է ոչ միայն տնտեսական աճի խթանում, այլև կառուցվածքային, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ խորքային վերափոխումներ։
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում շեշտադրվել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է մշակվել նման համապարփակ փաստաթուղթ՝ տնտեսական քաղաքականությունը ամբողջական դոկտրինի հայեցակարգում ի մի բերելու համար։ Մասնակիցները շեշտել են տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման փոխկապակցվածությունը՝ դիտարկելով ինստիտուցիոնալ զարգացումը որպես տնտեսական աճի հիմք, և հակառակը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթությանը, որի վրա կառուցվում են մյուս բոլոր ուղղությունները, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման ու տնտեսական ներուժի ապակենտրոնացման գաղափարներին։ Ֆակուլտետի մասնագետներն անդրադարձել են տնտեսության ներսում նորարարական զարգացման և նորամուծությունների խթանման հարցերին՝ շեշտելով մարքեթինգային գործիքների դերը դրանց խրախուսման, առաջմղման և առևտրայնացման գործում։
Ամփոփելով ֆակուլտետներում կայացած քննարկումների արդյունքները՝ ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը մեզ հետ զրույցում կարևորեց երկրի երկարաժամկետ տեսլականի առկայությունն ու դոկտրինի ճկունությունը։ Նա ընդգծեց, որ եռամյա պարբերականությամբ նախատեսվող թարմացումները թույլ կտան փաստաթուղթը պահել «կենդանի» ու զարգացող։
Բուհի ղեկավարությունը, մասնավորապես՝ ռեկտոր Արմեն Գրիգորյանը և պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը անմիջականորեն մասնակցել են դոկտրինի մշակմանը, իսկ ՀՊՏՀ-ն «Ամբերդ» կենտրոնի միջոցով շարունակվելու են սեփական ռեսուրսներով իրականացնել պետական մարմինների համար առաջնահերթ ուղղությունների հետազոտությունները, որոնք բխում են հենց այդ փաստաթղթից։
«Մեր հետազոտություններով մենք գործնականում կյանքի ենք կոչում դոկտրինի դրույթները։ Իսկ դրա տարածումը շարունակական գործընթաց է. տնտեսագետ ցանկացած ուսանող պետք է լավ պատկերացնի իր երկրի հեռանկարը, իսկ դասախոսները պարտավոր են ուսումնասիրել և կիրառել այն իրենց դասախոսություններում»,- ասաց պրոռեկտորը։



