Ի՞նչպես է առաջացել «Բանկ» բառը

Հին անգլերենում «bank» բառը նշանակել է սեղան, իսկ «Bankerotta» բառակապակցությունը նշանակել է կոտրված նստարան, որտեղից էլ առաջացել է սննկացում բառը:

Մեկ այլ պնդման համաձայն «բանկ» բառը առաջացել է իտալերեն «banka» բառից, որը նշանակում է նավամատույցի շուկայի սեղանիկ, իսկ փոխանակողները կոչվում էին «banchieri»: Այս անձինք փոխանակողներ էին, որոնք նստում էին հրապարակներում (առևտրական շրջաններում) տեղադրված սեղանների մոտ կամ ոչ մեծ կրպակներում և օգնում էին քաղաք ժամանած ճանապարհորդներին փոխանակելու օտարերկրյա մետաղադրամները տեղական դրամով կամ որոշակի վարձատրության դիմաց հաշվառում էին առևտրային մուրհակները:

Ընդ որում, առևտուրն ընթանում էր զանազան մետաղադրամների օգտագործմամբ, որոնք հատվում էին ինչպես պետությունների, այնպես էլ քաղաքների և նույնիսկ առանձին անհատների կողմից:

Չկար մետաղադրամների միասնական համակարգ և առք ու վաճառքի ժամանակ հանդիպում էին տարբեր ձևի ու արժողությամբ մետաղադրամներ հաճախ դրանց վրա նշված անվանական արժեքից ցածր:

Ահա այդպիսի պայմաններում պահանջվեցին հատուկ մասնագետներ, ովքեր կարողանային ճանաչել շրջանառվող բազմաթիվ մետաղադրամները, գնահատել դրանք և խորհուրդներ տալ փոխանակման ժամանակ:

Պատմաբանների կարծիքով, դեռևս մ.թ.ա. 2300 տարի առաջ խալդերն ունեին ընկերություններ, որոնք իրենց անմիջական գործառնությունների հետ մեկտեղ նաև տրամադրում էին փոխատվություններ: Դեռևս հին ժամանակներում հասարակության հարստացող խավը պարտքով միջոցներ էր տալիս այն անձանց, ովքեր ունեին դրա կարիքը, կապված ընթացիկ, կամ երկարատև խնդիրների լուծման հետ:

Առաջին վարկային գործառնությունների մասին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. VI դարին: Հին Բաբելոնում կիրառվում էր ավանդային գործառնությունը ավանդների ընդունումը և դրանց դիմաց տոկոսների վճարումը:Այդ գործառնությունները մ.թ.ա. IV դարում իրականացվում էին նաև Հունաստանում, որտեղ գոյություն ուներ բավականին զարգացած բանկային գործունեություն: Նրանք իրականացնում էին տարբեր գործառնություններ սկսած գնման, վաճառքի և հաճախորդների հաշվին վճարումների կատարումից մինչև վարկերի տրամադրումը և տարբեր գործարքներում որպես երաշխավոր կամ վստահված անձ հանդես գալը:


Առաջին բանկը, ժամանակակից աշխարհում առաջացել է Իտալիայում 1407թ. (Banca di Sa Giorgio): Բանկային գործն աստիճանաբար դուրս եկավ դասական հունահռոմեական քաղաքակրթության սահմաններից և ներթափանցեց հյուսիսային և արևմտյան Եվրոպա: XVI-XVII դդ. մի շարք քաղաքներում (Վենետիկ, Միլան, Ամստերդամ, Համբուրգ, Ճենովա) վաճառականները ստեղծեցին բանկեր (իտալերեն ՙgiro՚ բառից, որը նշանակում է շրջապտույտ, շրջանառություն)ª իրենց հաճախորդվաճառականների միջև անկանխիկ հաշվարկներ կատարելու համար:

Արևմտյան Եվրոպայում անցումը դեպի վարկեր տրամադրող բանկային տների և առևտրային բանկերի կատարվել է XVII դարի 2րդ կեսին: Անգլիայում առաջին բաժնետիրական բանկը (Անգլիայի բանկը) հիմնադրվել է 1694թ, որն ակտիվորեն իրականացնում էր առևտրաարդյունաբերական շրջանառության վարկավորումը և կառավարությունից ստացավ բանկնոտներ թողարկելու իրավունք:

ԱՄՆ-ում բանկային գործի պատմությունը սկսվել է XVIII դարի 2-րդ կեսից, որտեղ անհատական վարկային գրասենյակները վարկ էին տալիս հողի գրավով և շրջանառության մեջ դրամ թողարկում: ԱՄՆ-ում առաջին առևտրային բանկը, որը ստացել է բանկային գործառնություններ իրականացնելու իրավունք, եղել է Հյուսիսային Ամերիկայի բանկը, որը կազմավորվել է 1781թ. Ֆիլադելֆիայում: ԱՄՆ-ում 1800թ. արդեն գոյություն ուներ 29 առևտրային բանկ, իսկ 1820թ. դրանց թիվը հասնում էր 300-ի: