Master Card և Visa Card

Master Card և Visa Card

Բանկային պլաստիկ քարտերի վճարային համակարգն իրենից ներկայացնում է ուրույն համաշխարհային ցանց, իսկ այդ ցանցի մեխը, սկսած միջազգային վճարային համակարգերի ստեղծման ակունքներից մինչ այժմ, հանդիսանում են երկու խոշորագույն միջազգային կազմակերպություններ` MasterCard Europe և VISA International վճարային համակարգերը:

Karavarum 007

 MasterCard Europe

60-ականներին ԱՄՆ-ի արևելքում և հյուսիս-արևելքում ստեղծվեցին մի շարք քարտ թողարկող տարածքային կազմակերպություններ: Նրանց հիման վրա 1966 թ.-ին ձևավորվեց ՙInterbank Card Association՚ (ICA) կազմակերպությունը, որը միավորում էր բազմաթիվ բանկեր և աշխարհում զբաղեցրեց երկրորդ տեղը ՙBank AmeriCard՚-ից հետո:

Այս կազմակերպությունը տարբերվում էր նրանով, որ առաջին ժամանակահատվածում նրա մասնակիցները տիրապետում էին որոշումներ կայացնելու մեծ ինքնուրույնությամբ և ի տարբերություն Վիզա համակարգի այս համակարգի անդամներն ի սկզբանե իրավունք ունեին քարտերի վրա նշել իրենց անվանումները: Սակայն, անկախ մրցունակ և դեմոկրատ լինելու ցանկությունից, հետագայում անխուսափելիորեն առաջ եկավ ստանդարտացման և կենտրոնացված վերահսկողության անհրաժեշտությունը:

Այսպիսով, ներկայումս MasterCard համակարգի անդամ բանկերը թողարկում են հետևյալ հիմնական քարտատեսակները`

  • MasterCard Cirrus/Maestro
  • MasterCard Mass կամ MasterCard Standart
  • MasterCard Gold
  • MasterCard Platinum
  • MasterCard Virtual
  • MasterCard World Signia
  • MasterCard Business

MasterCard Cirrus/Maestro

Սա համընդհանուր մատչելի քարտ է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր մարդ` անկախ իր եկամուտի մակարդակից:

Սա դեբետային քարտ է, որի միջոցով հնարավոր է կանխիկ ստանալ Cirrus համակարգի բանկոմատներից և սպասարկվել այն կետերում, որոնցում տեղադրված են Maestro համակարգի էլեկտրոնային տերմինալները:

Այս քարտատեսակը կարող է չէմբոսացվել, ինչը բացառում է կանխիկի ստացման կամ գործարքի ձևակերպման ժամանակ imprinter-ների օգտագործման հնարավորությունը:

MasterCard Mass

Սա լիարժեք վարկային քարտ է և նախատեսված է միջին մակարդակի եկամուտներ ունեցող քարտատիրոջ համար: Քարտն ընդունվում է որպես ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման միջոց ամբողջ աշխարհում: Նրա միջոցով կարելի է նաև կանխիկ դրամ ստանալ բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից:

MasterCard Gold

Սա վարկային քարտ է բարձր մակարդակի եկամուտների տեր մարդկանց համար: Կարող է տրամադրվել ընկերության ղեկավարության բարձրագույն օղակներին, որոնք իրենց գործի բնույթով իրականացնում են բազմաթիվ գործառնական ճանապարհորդություններ:

Քարտի հետ տրամադրվող լրացուցիչ ծառայությունները (մոտավորապես նույնը, ինչ-որ Վիզա Գոլդ-ի տրամադրման ժամանակ) ապահովում են վճարումներ իրականացնելու հարմարավետություն և սպասարկման բարձր մակարդակ:

MasterCard Platinum

Սա ևս վարկային քարտ է բարձր մակարդակի եկամուտների տեր անձանց համար, իրենց հավելյալ արտոնություններով և ծառայությունների փաթեթով:

MasterCard Virtual

Ինտերնետում գնումներ կատարելու համար նախատեսված քարտատեսակ: Այս քարտը նախատեսված չէ ոչ կանխիկ գործառնությունների և ոչ էլ առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարելու համար:

MasterCard World Signia

Բարձրակարգ և ֆինանսապես բավարար ապահովված քարտատերի համար նախատեսված քարտատեսակ է, որով վճարումների սահմանաչափը նախօրոք չի որոշվում: Այս քարտատեսակը որպես կանոն սպասարկման գրեթե բոլոր չափանիշներով կրում է ինդիվիդուալ բնույթ:

MasterCard Business

Սա կորպորատիվ քարտ է, որը թողարկվում է կազմակերպության կամ ընկերության աշխատակիցների համար, որոնք լիազորված են այս կամ այն սահմաններում ծախսել իրենց ընկերության միջոցները: Կորպորատիվ քարտերի սեփականատերերն օգտվում են նույն լրացուցիչ ծառայություններից ինչ-որ MasterCard Gold քարտատերերը:

Ի տարբերություն ՙVISA Internatioanal՚ համակարգի ՙMasterCard՚ վճարային համակարգն ավելի դեմոկրատ է իր անդամ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, իսկ անդամակցությունն ավելի մատչելի, ինչը հնարավորություն է տալիս ավելի հեշտ ներգրավել լրացուցիչ անդամ քարտ թողարկողներ և քարտատերեր:

ՙMasterCard՚ վճարային համակարգը զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհում ՙVISA Internatioanal՚ համակարգից հետո: Այս համակարգի անդամներ են շուրջ 210 երկրներ և տարածաշրջաններ, այն ունի շուրջ 32 մլն առևտրի և սպասարկման կետեր և մեծ թվով քարտատերեր:

VISA International

1951-1958 թթ. որոշ ամերիկյան բանկեր սկսեցին ստեղծել սեփական քարտային համակարգեր, սակայն նրանց մասշտաբները փոքր էին, և քարտերը կրում էին լոկալ բնույթ : 50-ականների վերջին քարտերի թողարկմանը միացան այնպիսի խոշոր ամերիկյան բանկեր, ինչպիսին են ՙBank of America՚, ՙChase Manhatan Bank՚, ՙMarin Midland Bank՚ և այլ բանկեր:

Հիմնական նպատակն էր ՙDiners club՚ և ՙAmerican Express՚ քարտերի հետ մրցակցությունը: Առաջին զանգվածային քարտը, որը իր սեփականատիրոջը տալիս էր երկարաձգված վարկի հնարավորություն թողարկվեց 1958 թ.-ին ՙBank of America՚ բանկի կողմից և կոչվեց ՙBank AmeriCard՚, ներկայիս` ՙVISA՚:

Այս քարտը շատ արագ լայն տարածում ստացավ լայն զանգվածների մոտ և 60-ական թվականներին այդ քարտերով գործարքների ծավալը աճեց մինչև 335 մլն. դոլար, քարտատերերի քանակը` մինչև 2.7 մլն., ծրագրում մասնակցող սպասարկման կետերի քանակը` մինչև  83.000:

Ներկայումս ՙVISA՚ միջազգային վճարային համակարգը քարտային ինդուստրիայի գերհզոր կառույցներից մեկն է, որը տիրապետում է հաղորդակցման և փոխհաշվարկման գլոբալ ցանցով:

ՙVISA՚ միջազգային վճարային համակարգի անդամ-բանկերի կողմից թողարկվող քարտային հիմնական պրոդուկտներն են`

  • ՙՎիզա Պլյուս՚ ( VISA Plus )
  • ՙՎիզա Էլեկտրոն՚ ( VISA Electron )
  • ՙՎիզա Կլասիկ՚ ( VISA Classic )
  • ՙՎիզա Գոլդ՚ ( VISA Gold )
  • ՙՎիզա Պլատինում՚ (VISA Platinum)
  • ՙՎիզա Ինֆինիտի՚ (VISA Infinite)
  • ՙՎիզա Բիզնես՚ ( VISA Business)

Վիզա Պլյուս

Քարտի այս տարատեսակը թողարկվում է որպես զանգվածային պրոդուկտ`   պլաստիկ քարտերից օգտվելու փորձ չունեցող հաճախորդների համար: Այս քարտը իր քարտատիրոջը տալիս է միայն կանխիկ ստանալու, այսինքն ՙՎիզա՚ համակարգի բանկոմատներից օգտվելու հնարավորություն: Բանկը կարող է մասնակցել ՙՊլյուս՚ համակարգին`  չհանդիսանալով  ՙՎիզա՚ միջազգային վճարային համակարգի անդամ:

Վիզա Էլեկտրոն

Քարտի այս տարատեսակը ևս զանգվածային է համարվում, քանի որ հասանելի է հաճախորդների լայն զանգվածին անկախ եկամուտների մակարդակից: Սա դեբետային քարտ է, որը ունի էլեկտրոնային վճարումներ կատարելու հնարավորություն, ամբողջ աշխարհում ՙՎիզա՚ քարտ սպասարկող POS-տերմինալներով սպասարկվելու հնարավորություն և ՙՎիզա՚ համակարգի բոլոր բանկոմատներից կանխիկ ստանալու հնարավորություն:

Վիզա Կլասիկ

Սա ստաբիլ եկամուտներ ունեցող հաճախորդի համար նախատեսված քարտ է: Քարտի այս տարատեսակը կարող է լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային: Այն ընդունվում է որպես ապրանքների և ծառայությունների վճարման միջոց ամբողջ աշխարհում: Քարտատերը կարող է նաև կանխիկ ստանալ բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից:

Վիզա Գոլդ

Այս քարտը նախատեսված է առավել հարուստ և ապահովված հաճախորդների համար և զուտ վարկային է: ՙՎիզա Կլասիկ՚-ից տարբերվում է վարկի չափով (միջազգային պրակտիկայում` որպես կանոն 5.000 ԱՄՆ դոլարից ոչ պակաս): Ինչպես նաև այս քարտի հետ կարող են տրամադրվել մի շարք լրացուցիչ ծառայություններ, օրինակ`

  • ավտոմեքենայի վարձակալման ժամանակ զեղչեր և անվճար ապահովագրություն,
  • ճանապարհորդության ընթացքում դժբախտ պատահարներից քարտատիրոջ ապահովագրություն,
  • բժշկական և իրավաբանական հարցերով շուրջօրյա անվճար խորհրդատվության տրամադրում,
  • միջազգային հեռախոսակապից օգտվելու զեղչեր,
  • հյուրանոցներում համարների, թատրոնում և սպորտային մրցույթներում տեղերի նախորոք պատվիրման հնարավորություն,
  • կորցրած կամ գողացված քարտի բլոկավորման շուրջօրյա հնարավորություն, նոր ՙԳոլդ՚ քարտի շուտափույթ տրամադրում, քարտի կորստի դեպքում որոշակի գումարի սահմաններում կանխիկի տրամարում

ՙՎիզա Պլատինում՚ և ՙՎիզա Ին‎ֆ‎ինիտի՚ քարտատեսակները ևս հանդիսանում են առավել հարուստ և ապահովված հաճախորդներին հասու քարտատեսակներ, որոնք ըստ էության տալիս են ՙՎիզա գոլդ՚-ի առավելությունները: Սակայն, ի տարբերություն ՙՎիզա Գոլդ՚-իª դրանք նախատեսված են ավելի բարձր վճարունակությամբ հաճախորդների համար և դրանց համար սահմանված լիմիտները (թե° վարկավորման, թե° կանխիկացման, թե° անկանխիկ գործարքների  առավելագույն սահմանաչափերը) շատ ավելի բարձր են:

Վիզա Բիզնես

Սա կորպորատիվ քարտ է, որը թողարկվում է կազմակերպության աշխատակիցների համար, որոնք իրավունք ունեն նշված սահմաններում օգտագործել իրենց ընկերության միջոցները:  ՙԲիզնես՚ քարտի սեփականատերերին տրամադրվում են նույն լրացուցիչ ծառայությունները, ինչ-որ ՙԳոլդ՚ քարտի սեփականատերերին:

Այսպիսով, վերը թվարկած քարտատեսակները դրանք ՙVISA՚ միջազգային վճարային համակարգի հիմնական քարտատեսակներն են: Ամբողջ աշխարհի բանկերը, որոնք հանդիսանում են այս համակարգի անդամ իրավունք ունեն թողարկել այս քարտատեսակները, իսկ ՙVISA՚ համակարգի և բանկերի կողմից սահմանված չափանիշներին չհակասելու դեպքում  հաճախորդն ինքն է ընտրում, թե որ քարտն է ցանկանում ձեռք բերել` կախված իր եկամուտների չափից և կարգավիճակից:

Այսօր ՙVISA՚ միջազգային վճարային համակարգը հզոր համակարգ է և ամբողջ աշխարհում զբաղեցնում է առաջնային դիրքեր գրեթե բոլոր ցուցանիշներով` չնայած անդամ-բանկերի նկատմամբ առաջադրվող առավել խիստ պայմանների: Այդ համակարգը գործում է 170-ից ավել երկրներում, ունի 20 հազարից ավել մասնագիտացված ֆինանսական կազմակերպություն-մասնակից, որոնք թողարկել են 1 մլրդ-ից ավել քարտ (ինչը մոտավորապես կազմում է ամբողջ աշխարհում թողարկված քարտերի կեսը):

Прокрутить вверх