Կառավարում
Կառավարում, ընդհանուր փիլիսոփայական առումով՝ իրական աշխարհի որոշակի համակարգերում կանոնավորման, կազմավորման և ինքնակարգավորման պրոցես:
Բնության և հասարակության առանձին համակարգերում կառավարման պրոցեսների էությունն արտացոլվում է բնական ու հասարակական գիտությունների համապատասխան հասկացություններում:
Օգտագործվում են կառավարման հետևյալ տեսակներ.
- «կառավարում»
- «սոցիալական կառավարում»
- «պետական կառավարում»
- «հասարակական ինքնակառավարում» և այլն
Առավել բարդ ինքնակառավարվող համակարգը հասարակական կյանքն է, սոցիալական օրգանիզմը: Հասարակական կյանքի տարբեր կողմերի կառավարումը գոյություն ունի մարդկային հասարակության երևան գալու հետ մեկտեղ: Հասարակության կառավարման օբյեկտիվ անհրաժեշտության գիտական բացատրությունը, նրա բնույթը և նպատակները տվել է մարքս-լենինյան տեսությունը:
Սոցիալական առավարման էությունը պայմանավորված է արտադրական հարաբերությունների բնույթով, որը ենթադրում է մարդկանց միջև հարաբերությունների կարգավորման ու համակեցության որոշակի կազմակերպում: Կառավարումը, նշել է Կարլ Մարքսը, որպես հատուկ ֆունկցիա, ծագում է աշխատանքի հասարակական պրոցեսից և ունի համընդհանուր բնույթ:
«Կարգ ու կանոնն է,-գրել է Մարքսը,-հենց արտադրության յուրաքանչյուր եղանակի հասարակական կայունացման ու հետևաբար նրա հարաբերական ազատագրման ձևը հասարակ պատահականությունից ու քմահաճույքից» (1949 թվականին հրատարակված «Կապիտալ» գիրք, հատոր 3, մաս 2, էջ 331):
Սոցիալական կառավարումն արտացոլում է հասարակության կամ նրա առանձին օղակների վրա ներգործության պրոցեսը՝ նրանց բնականոն գործառնությունը, կատարելագործումը և զարգացումը ապահովելու նպատակով: Բոլոր հակամարտ ֆորմացիաներին հատուկ է կառավարման կազմակերպման շահագործողական բնույթը և տարերայնության տիրապետությունը:
Արդի կապիտալիզմը, չնայած կյանքի տարբեր ոլորտներում պետության ակտիվացող միջամտությանը, սրում է սոցիալական հակասությունները, ուժեղացնում շահագործումը, ընդլայնում տարերայնությունն ու անարխիան: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետևանքով իրագործվեցին տնտեսական, սոցիալ-քաղաքական և հոգեբանական արմատական փոփոխություններ, որոնց պրոցեսում ծագեցին հասարակական կյանքի բոլոր ոլորտների գիտական կառավարման օբյեկտիվ պայմաններ և սուբյեկտիվ գործոններ:
Միայն սոցիալիստական հասարակարգում հնարավոր դարձավ իսկական ժողովրդապետությունը, ուր սոցիալական պրոցեսների կարգավորումն ու կանոնավորումը ենթարկվում է ժողովրդի շահերին: Կառավարման գիտական և դեմոկրատական կազմակերպման սերտ փոխկապակցությունը սոցիալիզմի և կոմունիզմի շինարարության օրինաչափությունն է:
Այդ օրինաչափությունը ճանաչվում և իրագործվում է կոմունիստական կուսակցության գիտականորեն հիմնավորված քաղաքականությամբ, սոցիալիստական կառավարման բոլոր սուբյեկտների նպատակամղված գործունեությամբ: