PicsArt-ը 500.000 դոլար մրցանակային ֆոնդով AI հաքաթոն է կազմակերպում Մոսկվայում

PicsArt-ը՝ ամսական հարյուր միլիոնից ավել ակտիվ օգտատեր ունեցող աշխարհի առաջատար ստեղծագործ արտահայտման պլատֆորմը, Մոսկվայում կկազմակերպի $500,000 մրցանակային ֆոնդով արհեստական բանականության հաքաթոն: «PicsArt AI Days» հաքաթոնի մասնակիցները կառաջարկեն պատկերների և տեսանյութերի խմբագրման համար նորարարական գաղափարներ և լուծումներ, որոնք ապագայում կկիրառվեն PicsArt հավելվածում:

Անցյալ ամիս PicsArt-ը Մոսկվայում հիմնեց արհեստական բանականության լաբորատորիա (AI-laboratory), որի նպատակն է ներգրավել տարածաշրջանի լավագույն AI ինժեներներին:

PicsArt հավելվածը հնարավորություն է տալիս անմիջապես շարժական սարքի վրա ստեղծել, խմբագրել և բարելավել պատկերներ և տեսանյութեր:

PicsArt AI Days 2018-ը կներառի մի շարք իրական մարտահրավերներ, ինչպիսիք են՝ ֆոտո եւ վիդեո ֆիլտրերի մշակումը, պատկերների անիմացիայի համար նորարար գործիքների ստեղծումը եւ PicsArt հավելվածի համար նոր ստեղծագործ շաբլոնների ձեւավորումը: Հաքաթոնի ընթացքում ստեղծված նոր AI լուծումները կընդլայնեն հավելվածի հնարավորությունները՝ ոգեշնչելով PicsArt-ի միլիոնավոր օգտատերերին ստեղծել եւ կիսվել ավելի ստեղծագործ պատմություններով:

PicsArt AI Days- ի եզրափակիչ փուլը կանցկացվի Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Մոսկվայում, Soho Family Hall, Կուտուզովսկի պող. 36, շենք 11 հասցեում:

Հաքաթոնի մրցանակային ֆոնդի մի մասը` $100,000, կբաշխվի հինգ հաղթող թիմերի միջեւ: Իսկ ամենախոստումնալից նախագծեր ներկայացրած չորս այլ թիմ կստանա յուրաքանչյուրը $100,000-ական դոլարի ներդրումի առաջարկ:

Հաքաթոնի եւ գրանցման մասին լրացուցիչ տեղեկության համար այցելեք https://picsart.ai կայքը:

Прокрутить вверх