Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կառավարման գործընթացների կատարելագործմանն ուղղված միջոցառումները։ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և տեղակալների մասնակցությամբ, «Բարեփոխումների ազդեցության գնահատում» և «Կազմակերպական մշակույթ, ներքին կառավարման համակարգեր» ուսումնական միջոցառումների շրջանակում, անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ «360 աստիճան գնահատման մեթոդաբանության կիրառումը և վերապատրաստման կարիքների բացահայտման ու վերլուծության գործընթացը» թեմայով։
Ընթացքում ներկայացվել է 360 աստիճան գնահատման մեթոդաբանությունը և քննարկվել դրա կիրառման առանձնահատկություններն ու բարելավման հնարավորությունները՝ կարևորելով աշխատակիցների գործունեության անաչառ և օբյեկտիվ գնահատումը։ Ընդգծվել է, որ 360 աստիճան գնահատումը ոչ միայն աշխատակցի գործունեության գնահատման գործիք է, այլև՝ մասնագիտական աճի, զարգացման և կարիերայի առաջընթացի հնարավորությունների բացահայտման արդյունավետ միջոց։
Միաժամանակ, անդրադարձ է կատարվել աշխատակիցների վերապատրաստման կարիքների բացահայտման և գնահատման գործընթացին։ Մասնավորապես, քննարկվել են ռազմավարական առաջնահերթությունների, անհատական կարիքների հավաքագրման, ստորաբաժանումների կարիքների գնահատման և ամփոփման, ինչպես նաև ստացված տվյալների վերլուծության ու տարեկան վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկվել են նաև աշխատակիցների վերապատրաստման կարիքների գնահատման մեխանիզմները՝ ընդգծելով ՊԵԿ ուսումնական կենտրոնի հետ վերապատրաստման գործընթացների համակարգված կազմակերպման կարևորությունը։
Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ ուղղություններից է՝ մարդկային ներուժի զարգացումը, ինչը խթանում է ժամանակակից կառավարման գործիքների և մոտեցումների կիրառումը համակարգում՝ բարձրացնելով աշխատանքային գործընթացների արդյունավետությունը։



