Սեպտեմբերի 17–20-ը ԱՄՆ Ֆլորիդայի պետական համալսարանում անցկացվել է «The Experiential Classroom XXVI» միջազգային ծրագիրը, որին մասնակցել է ֆինանսների ամբիոնի դոցենտ Մարե Խաչատրյանը։
Ձեռնարկատիրական կրթությանն ու փորձառական ուսուցմանը նվիրված հագեցած քառօրյակը համախմբել էր ավելի քան 70 դասախոսների ու ոլորտի փորձառու մասնագետների՝ աշխարհի տարբեր ակադեմիական կենտրոններից։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու ձեռնարկատիրության դասավանդման նորարարական մեթոդները, վերլուծելու գործնական քեյսեր և ներգրավվելու ակտիվ գործնական աշխատանքներում։
Ծրագրի առանցքային բաղադրիչներից էր «Masters in Entrepreneurship»-ի մասնակիցների հետ համատեղ ուսուցումը, ինչը թույլ է տվել նորովի դիտարկել ձեռնարկատիրական մտածողությունն ու փորձառական մեթոդները լսարանային միջավայրում ինտեգրելու հնարավորությունները։
«Վերադարձել եմ նոր գաղափարներով, գործնական ծրագրերով և նորոգված ոգեշնչմամբ՝ իմ դասավանդումն ու ակադեմիական աշխատանքը էլ ավելի հարստացնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մարե Խաչատրյանը։
Նա հավելեց, որ միջազգային այս հարթակում ձեռք բերված կապերը նոր հեռանկարներ են բացում նաև ՀՊՏՀ-ում COIL (Collaborative Online International Learning) ձևաչափի զարգացման համար։ Նախատեսվում է միջազգային գործընկերների ներգրավմամբ իրականացնել առցանց համատեղ դասախոսություններ, ինչը ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտա անմիջականորեն հաղորդակցվելու արտերկրի մասնագետների հետ։
«Շնորհակալություն եմ հայտնում Սուսանա Սանտոսին, Էրիկ Լիգուորիին, Վիլմա Ֆուենտեսին, դոկտոր Մայքլ Մորիսին, ինչպես նաև ծրագրի բոլոր դասախոսներին, կազմակերպիչներին և մասնակիցներին՝ բացառիկ ուսումնական փորձառության, արժեքավոր շփումների և ջերմ աջակցության համար։ Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին, որ այս փորձառությունը դառնա այսչափ արժեքավոր ու հիշարժան»,- ասաց ՀՊՏՀ ներկայացուցիչը։
Ի դեպ, ԱՄՆ կատարած այցի ընթացքում Մարե Խաչատրյանը հանդիպել է նաև ՀՊՏՀ «Ֆինանսներ» մասնագիտության շրջանավարտ Մանե Հովսեփյանին, ով ներկայում ուսանում է Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության քոլեջում։



