Տնտեսագետ

Արհեստական բանականության պատճառով միլիարդավոր մարդիկ կարող են մահանալ. Բիլ Գեյթսը զգուշացնում է

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կրկին զգուշացրել է արհեստական բանականության (ԱԲ) չվերահսկվող զարգացման հնարավոր վտանգների մասին՝ ընդգծելով ոլորտի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը։

«Արհեստական բանականությունը, անկասկած, այնքան հզոր է, որ կարող է կառավարել այնպիսի իրադարձություններ, որոնք, գիտեք, կարող են հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Գեյթսը։

Նրա խոսքով՝ նախկինում երբեք չի եղել այնքան հզոր «զենք», որքան չարամիտ մարդկանց և ԱԲ նորագույն գործիքների համադրությունը։

Գեյթսն ընդգծել է, որ օրենսդրական դաշտում պետք է խիստ կարգավորվի արհեստական բանականության ոլորտը։ Նրա գնահատմամբ՝ նման պահանջները տեխնոլոգիական ընկերությունների համար որոշ լրացուցիչ ծախսեր կառաջացնեն, սակայն չեն հանգեցնի ոլորտի զարգացման էական դանդաղեցման։

NBC News-ը առայժմ հրապարակել է Գեյթսի հարցազրույցից միայն որոշ հատվածներ։ Ամբողջական հարցազրույցը նախատեսվում է հեռարձակել սեպտեմբերի 27-ին։

Գեյթսը վերջին ամիսներին բազմիցս անդրադարձել է արհեստական բանականության արագ զարգացման հետ կապված ռիսկերին։ Սեպտեմբերին Reuters-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ աշխարհի կառավարությունները զգալիորեն հետ են մնում տեխնոլոգիայի զարգացման տեմպերից և բավարար չափով պատրաստ չեն դրա սոցիալական ու տնտեսական հետևանքներին։ Միաժամանակ Գեյթսը շարունակում է ընդգծել ԱԲ-ի հնարավոր դրական ազդեցությունը, մասնավորապես՝ առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում։

Օգոստոսին հրապարակված իր էսսեում, Գեյթսն առաջարկել էր քննարկել ԱԲ-ի կիրառման հետ կապված նոր հարկերի ներդրման հնարավորությունը՝ հատկապես այն դեպքերում, երբ տեխնոլոգիան աշխատաշուկայում փոխարինում է մարդկանց։

ԱԲ-ի արագ զարգացման ռիսկերի մասին վերջին շրջանում խոսում են նաև ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներն ու հետազոտողները։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը և Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը կողմ են տեխնոլոգիայի նկատմամբ առավել խիստ վերահսկողությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, սակայն, զգուշավոր է ԱԲ-ի զարգացմանը խոչընդոտող նոր սահմանափակումների հարցում՝ շեշտելով նաև Չինաստանի հետ տեխնոլոգիական մրցակցության գործոնը։ Դեմ է նաև չինական կողմը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top