ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի ավագ դասախոս Ռոբերտ Բաբայանը հոկտեմբերի 19–23-ը «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում մասնակցել է Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում (Սլովակիա) անցկացված 21-րդ միջազգային դասավանդման շաբաթին։
Ծրագրի շրջանակում նա հանդես է եկել «Միջազգային բիզնես ռազմավարությունը զարգացող շուկաներում. շուկա մուտք գործելը, մրցակցային առավելությունը և ռազմավարական որոշումների կայացումը» թեմայով դասախոսությամբ և անցկացրել չորս գործնական սեմինար։ Դասավանդման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսական ներուժը, հայկական կազմակերպությունների օրինակները և միջազգային շուկաներում գործունեության հնարավորություններն ու մարտահրավերները։
Միջազգային շաբաթվա ընթացքում Ռոբերտ Բաբայանը հանդիպել է հյուրընկալող համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են բարձրագույն կրթության միջազգայնացման, դասավանդման ժամանակակից մոտեցումների, ակադեմիական շարժունության, գիտահետազոտական համագործակցության և երկու համալսարանների միջև հետագա գործակցության հնարավորությունները։
Դասախոսը աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև գործընկեր բուհի միջազգային առևտրի ամբիոնի և միջազգային հարաբերությունների գրասենյակի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել ծրագրի պաշտոնական ու մշակութային միջոցառումներին։



