Նոյեմբերի 9–13-ը ՀՊՏՀ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսի ամբիոնի դոցենտ Գոհար Զապրոսյանը «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով գտնվել է Կիպրոսի համալսարանում։
Համակարգչային գիտությունների դեպարտամենտում մեր գործընկերը դասախոսել է, հանդիպել ակադեմիական կազմի ներկայացուցիչների և դեպարտամենտի համակարգողի հետ, ծանոթացել կրթական միջավայրին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքին։
«Ծրագրավորման սկզբունքներ» դասընթացի շրջանակում Գոհար Զապրոսյանը դասախոսել է «Պրոմտերի և համատեքստի ինժեներիան ծրագրավորման ուսուցման մեջ» թեմայով՝ անդրադառնալով արհեստական բանականության գործիքների կիրառմանը Python ծրագրավորման ուսուցման և Google Colab միջավայրում գործնական աշխատանքների ընթացքում։«Բնական լեզվի մշակում» դասընթացի շրջանակում անցկացվել է «Համատեքստի ինժեներիան և որոնմամբ ընդլայնված գեներացումը» թեմայով երկու դասախոսություն։ Ներկայացվել են մեծ լեզվային մոդելների, պրոմտի ու համատեքստի ինժեներիայի և որոնմամբ ընդլայնված գեներացման հիմնական սկզբունքներն ու համակարգերի կառուցվածքը՝ փաստաթղթերի մշակումից մինչև պատասխանների ձևավորում։



