Տնտեսագետ

«Ապագայի գիտնականները»՝ ՀՊՏՀ-ում. ուշադրության կենտրոնում Արհեստական բանականությունն է

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Նոյեմբերի 2-ին ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Ապագայի գիտնականները» միջազգային գիտակրթական նախագիծը՝ ուսանողներին ու դասախոսներին հնարավորություն ընձեռելով հանդիպելու Ռուսաստանից ժամանած առաջատար գիտնականների ու հետազոտողների հետ, մասնակցելու արդիական թեմաներով դասախոսությունների և մասնագիտական քննարկումների։

Նախագիծն իրականացվում է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ու «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աջակցությամբ։ Հայաստանն արդեն երկրորդ տարին է դառնում այս միջազգային նախագծի հարթակներից մեկը։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը, ողջունելով ռուսաստանցի գործընկերներին, ընդգծեց երկու երկրների բուհերի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային կապերի կարևորությունը։

Անդրադառնալով արհեստական բանականության զարգացմանը՝ Դավիթ Հախվերդյանը նշեց, որ ոլորտի նվաճումներն անտեսելն անհնար է, սակայն նույնքան կարևոր է դրանց հետ կապված ռիսկերը չթերագնահատելը։ Պրոռեկտորի խոսքով՝ մարդկության զարգացման հետագա ընթացքը դեռևս հստակ չէ, ինչն էլ ավելի է մեծացնում նման քննարկումների կարևորությունը։ Նա նաև ուրախություն հայտնեց ուսանողների ու երիտասարդների ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, որ հենց նրանք են լինելու ապագա տեխնոլոգիական զարգացումների կրողները։

Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Նիկիտա Գուսևը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ղեկավարությանը ջերմ ընդունելության և աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի բուհերի հետ համագործակցությունը կրում է շարունակական և համակարգային բնույթ։ Նրա խոսքով՝ ինստիտուտն այս պահին երկկողմ համաձայնագրեր ունի Հայաստանի հինգ խոշորագույն կրթական կազմակերպությունների հետ։ Ռեկտորը ներկայացրեց նաև ինստիտուտի կրթական նախաձեռնությունները և մասնակիցներին հրավիրեց նոյեմբերի 18-20-ը Մոսկվայում կայանալիք Կոստոմարովյան համաժողովին՝ նվիրված ինստիտուտի հիմնադրման 60-ամյակին։

Այսպիսով, նախագծի շրջանակում Երևանում իրենց գիտելիքներն ու փորձն են ներկայացնելու Ռուսաստանի 12 գիտնականներ, որոնք ուսանողների և դասախոսների համար կանցկացնեն դասախոսություններ, վարպետության դասեր ու սեմինարներ։ Հանդիպումների և քննարկումների առանցքում արհեստական բանականությունն է ու դրա կիրառությունը տարբեր ոլորտներում։

ՀՊՏՀ-ում կայացած մեկնարկային դասախոսությունները ծավալվեցին արհեստական բանականության կիրառական և տեսական առանցքային ուղղությունների շուրջ։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Անդրանիկ Ակոպովն իր ««Խելացի քաղաքի» ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի բնութագրերի էվոլյուցիոն մոդելավորում և օպտիմալացում» զեկույցում ներկայացրեց քաղաքային տրանսպորտային համակարգերի ճշգրիտ մոդելավորման ու դրանց արդյունավետության բարձրացման արդիական լուծումները։ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կոգնիտիվ և լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող, բ․գ․թ․ Տատյանա Վեսելովսկայան «Արհեստական բանականությունը շեշտադրությամբ. ինչպես են մշակութային նախապաշարմունքները ընկնում կոդի մեջ» թեմայով դասախոսությամբ վեր հանեց այն հարցադրումը, թե ինչպես են մարդկային մշակութային պատկերացումներն ու նախապաշարմունքները ներթափանցում ԱԲ համակարգեր և ազդում դրանց ալգորիթմների վրա։

Նախագիծը Երևանում կշարունակվի առաջիկա օրերին ևս՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին և դասախոսներին ծանոթանալու գիտության ու տեխնոլոգիաների արդի զարգացումներին և անմիջականորեն հաղորդակցվելու ռուսաստանցի գիտնականների հետ։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top