ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (The Swedish International Development Cooperation Agency-Sida) պատվիրակությանը։
Երկկողմ համագործակցության շրջանակում մեկնարկել է հարկային վարչարարության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է խթանել հարկային կարգապահությունը և նպաստել արդար, արդյունավետ ու ժամանակակից հարկային համակարգի ձևավորմանը։ Շվեդ փորձագետների այցի շրջանակում արդեն սկսվել են աշխատանքները հարկ վճարողների սպասարկման, հաղորդակցության, ինչպես նաև տեղեկատվության ավտոմատ փոխանակման ուղղություններով։
Համագործակցության արդյունքում նախատեսվում է բարելավել հարկ վճարողների սպասարկման որակը, պարզեցնել վարչարարական ընթացակարգերը, զարգացնել հաղորդակցության և հետադարձ կապի մեխանիզմները, ինչպես նաև կատարելագործել էլեկտրոնային ծառայությունները՝ ապահովելով դրանց հասանելիությունը և օգտագործման հարմարավետությունը։ Նախատեսվում է նաև բարելավել ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման գործընթացները։
Ծրագրի հիմնական ուղղություններն ընդգրկում են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները, գործառնական ռիսկերի կառավարման համակարգը, հարկային ստուգումները, տեղեկատվության ավտոմատ փոխանակումը, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացումը։



