Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացված COP17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը) ՀՊՏՀ-ի համար կրթական ու գիտական ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու, նոր կապեր հաստատելու և համաշխարհային բնապահպանական օրակարգում համալսարանի դերն ընդգծելու հնարավորություն էր։
Շուրջ երկու շաբաթ համաժողովի Կանաչ գոտում ՀՊՏՀ տաղավարը ներկայացնում էր կանաչ կրթության սկզբունքները, կայուն զարգացման գաղափարներն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համալսարանական նախագծերը։ Համաժողովն ընթանում էր ինտերակտիվ ցուցադրություններով և բաց դասերով, ոլորտային հարցերի շուրջ պանելային քննարկումներով։
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ շաբաթը ՀՊՏՀ մասնակցությունը COP17-ին ընդգրկուն էր։
Գիտական հատվածի առանցքային իրադարձություններից էր «Եվրոպա-Կովկաս-Ասիա փոխկապվածություն․ գործարար գերազանցություն կենսաբազմազանության գործողությունների և ֆինանսավորման միջոցով» միջազգային գիտաժողովը։
Պանելային քննարկումներում իրենց ծանրակշիռ մասնակցությունն ունեցան մեր դասախոսներն ու աշխատակիցները՝ անդրադառնալով «կանաչ» քաղաքներին, բնական ռեսուրսների կառավարման միջոցով անդրսահմանային համագործակցությանը, ինչպես նաև խոշոր ենթակառուցվածքային ու տնտեսական նախագծերը «կանաչ» ֆինանսավորմամբ միջազգայնացնելուն։
ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի գնահատմամբ՝ դրանք ցույց տվեցին, որ բուհերն ունեն միջոլորտային հետազոտությունների իրականացման, ինչպես նաև հետագա համագործակցության զգալի ներուժ։
Կրթության և կենսաբազմազանության պահպանության կապին էր նվիրված հոկտեմբերի 23-ի «Կրթություն հանուն բնության․ փոխակերպող կրթություն, բնահեն լուծումներ և կենսաբազմազանության պահպանման նոր սերունդ» պանելային քննարկումը, որին մասնակցում էր ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։ Վերջինս ներկայացրեց ՀՊՏՀ փորձը՝ ընդգծելով, որ բնապահպանական հիմնախնդիրները պետք է դիտարկվեն որպես տնտեսագիտական ու կառավարչական կրթության անբաժանելի բաղադրիչներ՝ ուսանողներին պատրաստելով որպես ոլորտի ապագա առաջնորդներ։
Ինչպես արդեն ներկայացրել ենք, համաժողովի օրերին ձևավորվեցին մասնագիտական նոր կապեր, ստորագրվեց համագործակցության հուշագիր, և քննարկվեցին համատեղ աշխատանքի հնարավորություններ։
Ամփոփելով ՀՊՏՀ մասնակցությունը՝ շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նաիրինե Խալաթյանը կարևորեց COP17-ի շրջանակում ձևավորված համագործակցային կապերի, ձեռք բերված փորձի և նոր գաղափարների նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք ամուր հիմք են համալսարանի բնապահպանական ու կայուն զարգացման հետագա նախաձեռնությունների համար։
Այսպիսով, COP17-ի ժամանակահատվածը նշանավորվեց համալսարանական համայնքի համատեղ աշխատանքով, շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի հետևողական ջանքերով, ուսանողների ակտիվությամբ, դասախոսների մասնագիտական ներգրավվածությամբ և նոր հանդիպումներով ու գաղափարներով։



