Binance-ը շարունակում է անվտանգության միջադեպից հետո ակտիվների վերականգնման գործընթացը։ Այս պահի դրությամբ ընկերությունն արդեն սեփական միջոցների հաշվին փոխհատուցել է միջադեպի հետևանքով տուժած ակտիվների ընդհանուր գումարի շուրջ 95%-ը։ Տասը հիմնական ակտիվները՝ BTC, ETH, USDT, BNB, SOL, USDC, XRP, USD1, RLUSD և ZEC, ամբողջությամբ ապահովված են առնվազն 1:1 հարաբերակցությամբ։
Այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն ստուգել այդ տվյալները։ Binance-ն ավարտել է հոկտեմբերի 31-ի դրությամբ թարմացված պահուստների ապացույցի (Proof of Reserves) համար զրոյական գիտելիքի ապացույցի (zero-knowledge proof) ամբողջական ձևավորումը։ Ստուգումն իրականացնելու հնարավորությունը հասանելի է Binance Proof of Reserves պաշտոնական ծառայության միջոցով։
Մնացած շուրջ 5%-ը բաժին է ընկնում ավելի ցածր իրացվելիություն ունեցող թոքեններին, որոնց անհրաժեշտ ծավալով ձեռքբերումը լրացուցիչ ժամանակ է պահանջում։ Binance-ը շարունակում է համագործակցել ոլորտի գործընկերների հետ՝ այդ ակտիվների վերականգնման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով։ Միաժամանակ ընկերությունը փուլային եղանակով վերականգնում է միջոցների դուրսբերման հնարավորությունը լրացուցիչ բլոկչեյն ցանցերում և ակտիվների համար։
Այդ նպատակով Binance-ն պահուստավորել էր ավելի քան 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարի սեփական միջոցներ։ Դրանցից 5 միլիարդն պահվում էր այն նույն թոքեններով, որոնց առնչվել է միջադեպը։ Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, նշված 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարը չի ներառում սառեցված կամ ապահովված այն ակտիվները, որոնք վերադարձի և լրացուցիչ ստուգման փուլում են։
Միաժամանակ Հյուսիսային Կորեան հերքում է Binance-ի վրա հաքերային հարձակմանն իր մասնակցությունը։ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնը, աբսուրդ է որակել FBI այն պնդումը, թե հյուսիսկորեացի հաքերները ներգրավված են եղել Binance կրիպտոարժութային բորսայի համակարգ ներխուժման մեջ։ Նա պնդում է, որ այդ մեղադրանքների նպատակը ԿԺԴՀ-ի հեղինակությանը վնաս հասցնելն ու նրա ինքնիշխանությունը խախտելն է։
Հոկտեմբերի 29-ին Binance-ի վրա կատարված հաքերային հարձակումը համարվում է կրիպտոարժութային բորսայի վրա երբևէ իրականացված ամենախոշոր կիբերհարձակումը։ Կորեայի բանկի հաշվարկների համաձայն՝ անցած տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 3,1 միլիարդ դոլար, ինչը Binance-ից գողացված կրիպտոարժույթի արժեքի կեսից էլ պակաս է։



