Տնտեսագետ

Հայաստանում Apple-ի կողմից առաջին լիազորված կրթական ուսումնական կենտրոնը պաշտոնապես բացվել է ACT քոլեջում

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանը և  նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը օգոստոսի 20-ին մասնակցել են «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում» (ACT քոլեջ) տեղի ունեցած «Apple-ի կողմից լիազորված կրթական ուսումնական կենտրոնի» (Apple Authorized Training Center for Education-AATCE) պաշտոնական բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Apple ընկերության Կենտրոնական Ասիայի և Հայաստանի հանրային քաղաքականության ու կառավարության հետ կապերի ղեկավար Ադիլխան Կոպաբաևը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը, ինչպես նաև գործընկերներ, դասախոսներ և ուսանողներ։

Գևորգ Մանթաշյանն իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանի ամենամեծ հարստությունը երկրի երիտասարդությունն է։ Նա նշել է, որ երբ համաշխարհային ընկերությունները, ինչպիսին Apple-ն է, ներդրում են կատարում հայ երիտասարդների կրթության մեջ, նրանք ներդրում են կատարում Հայաստանի ապագայի մեջ։

Մանթաշյանի խոսքով՝ ACT քոլեջի այս ձեռքբերման շնորհիվ հայ երիտասարդը կարող է ստանալ միջազգային մակարդակի կրթություն և որակավորում՝ առանց հայրենիքից հեռանալու։ Նրա գնահատմամբ՝ սա այն ուղին է, որով Հայաստանը դառնում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։

Իր հերթին, Տաթև Ասլանյանը շնորհավորել է ACT քոլեջին՝ այս կարևոր ձեռքբերման և Հայաստանում Apple-ի լիազորված ուսումնական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ։ Նա կարևորել է նման կրթական նախաձեռնությունների և միջազգային առաջատար ընկերությունների հետ համագործակցության դերը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար նման կենտրոնի ստեղծումը կարևոր ձեռքբերում է՝ հայ երիտասարդների համար միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և նոր մասնագիտական հնարավորություններ ապահովելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի կրթական և տեխնոլոգիական ներուժի զարգացմանն ու միջազգային տեխնոլոգիական միջավայրին երկրի առավել սերտ ինտեգրմանը։

ACT քոլեջը Հայաստանի Հանրապետությունում առաջին կրթական հաստատությունն է, որին շնորհվել է Apple-ի լիազորված ուսումնական կենտրոնի կարգավիճակ։

AATCE-ն Apple ընկերության պաշտոնական հավատարմագրումն է, որը հաստատությանը հնարավորություն է տալիս իրականացնելու ընկերության հավաստագրված ծրագրերը և ուսանողներին նախապատրաստելու Apple-ի միջազգային որակավորման քննություններին։

Նոր կարգավիճակը հայ ուսանողներին թույլ կտա տեղում ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող որակավորումներ՝ նպաստելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կրթական հանգույցի դիրքերի ամրապնդմանը։

ACT-ն հիմնական կրթության հիմքով պետական լիցենզիա ունեցող քոլեջ է, որը նորարարական կրթություն է տրամադրում թվային արվեստի, ճարտարագիտության և արտադրության, ինչպես նաև համակարգչային գիտության ոլորտներում։ Այն հիմնադրվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամի կողմից։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top