Վերջին շրջանում բավականին շատ քննարկվեց, թե որքանով են Հայաստանում աճեցված միրգ-բանջարեղենը վտանգավոր մարդու առողջության համար։ Թունաքիմիկատների մնացորդների առկայության մասին հրապարակումները մեծ աղմուկ առաջացրեցին քաղաքացիների շրջանում, իսկ փորձագետները շարունակում են քննարկումներ անցկացնել և ոլորտը կարգավորող լուծման ուղիներ առաջարկել։
Այսպես, համաձայն վիճակագրական տվյալների՝ 2020-24 թթ․-ին թունաքիմիկատների ներմուծումը Հայաստան հետզհետե ավելացել է։ 2024թ․-ին ունեցել ենք ներմուծման բարձր մակարդակ (տես աղյուսակ1)։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ էկոլոգիական առողջության փորձագետ Քնարիկ Գրիգորյանի հետազոտմամբ՝ առկա տվյալները խոսում են այն մասին, որ Հայաստանում գյուղատնտեսության արտադրությունը բավականին ինտենսիվացել է։ «Մարզեր գնալիս տեսնում ենք, որ բավականին շատացել են ինտենսիվ այգիներ, ջերմոցներ կան, ընդհուպ՝ 5-րդ սերնդի։ Ինտենսիվ այգիներում բերքատվությունն ապահովելու համար սեզոնի ընթացքում բավականին շատ թունաքիմիկատներ է կիրառվում։ Այդ պատճառով վնասատուների հիվանդությունների դեմ քիմիական պայքարի միջոցները գնալով ավելանում են։ Խաղողի այգիները, բանջարաբոստանային, ջերմոցներում և դաշտերում գնալով ավելանում են թունաքիմիկատների գործածումը։ Սա խոսում է այն մասին, որ վնասատուների դեմ ինտեգրացված կառավարումը և տարբեր տեսակի միջոցառումները՝ կապված կենսաբանական միջոցների կիրառման հետ, օգտագործվում են սահմանափակ»,- «Հայաստանում բարձր վտանգավորության թունաքիմիկատների (HHPs) օգտագործման հետ կապված իրավիճակի վերլուծություն» թեմայով քննարկման ընթացքում ասաց Քնարիկ Գրիգորյանը։Ինչ տեսակի թունաքիմիկատներ են ներկրվում։ Գրիգորյանը մանրամասնում է՝ 790 անուն միջատասպան,որոնց 90 տոկոսը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար, ինչպես նաև սնկասպան և մոլախոտասպան թունաքիմիկատներ են ներկրվել։PAN-ն առանձնացրել է 385 վտանգավոր թունաքիմիկատների անվանում, որոնց ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա մեծ է։ Դրանցից որոշները կարող են բերել ընդհուպ մարդու առողջության համար անդառնալի հետևանքների։
«Ըստ կատեգորիաների են բաշխավում, որոնց ազդեցությունները տարբեր են՝ քաղցկեղի առաջացումից, հորմոնալ, մուտագեն խանգարումներից մինչև քրոնիկ հիվանդությունների առաջացում։ Շրջակա միջավայրի ազդեցությունը ևս գնահատված է։ Գիտնականների գնահատելու համար վերցրել են միջատներին, մասնավորապես՝ մեղուներին որպես ինդիկատոր։ Եթե նրանց քանակը գնալով քչանում է, ապա դա նշանակում է, որ տվյալ տարածքում օգտագործվող թունաքիմիկաները բավականին վտանգավոր են։ Այդ թունաքիմիկատները անձրևի միջոցով լվացվում են, աղտոտում ամբողջ ջրային համակարգն ու վնասում ջրային էկոհամակարգի կենդանական աշխարհին»,- ասաց փորձագետը։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Էկոլոգիական առողջության բաժնի ղեկավար Էմմա Անախասյանի խոսքով էլ՝ ՄԱԿ -ի մակարդակով անգամ բարձր վտանգավորության թունաքիմիկատների մեկ միասնական ցանկ գոյություն չունի։ Դրանք հիմնականում նույնականացվում են ըստ վտանգավորության որոշակի չափանիշների։
Մասնավորապես, դրանց թվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առավել վտանգավոր դասերը, ինչպես նաև քաղցկեղածին, մուտագեն կամ վերարտադրողական թունավոր հատկություններ ունեցող նյութերը։
Փորձագետն ընդգեց, որ այս կատեգորիայի մեջ կարող են ներառվել նաև միջազգային կոնվենցիաներով կարգավորվող որոշ թունաքիմիկատներ։ Օրինակ՝ Ստոկհոլմի, Ռոտերդամի կոնվենցիաներով, ինչպես նաև Մոնրեալի արձանագրությամբ։
«Խոսքը պարզապես վտանգավոր թունաքիմիկատների մասին չէ, այլ այն նյութերի, որոնք կարող են ունենալ լուրջ և երբեմն՝ անդառնալի ազդեցություն մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա։ Բարձր վտանգավորության թունաքիմիկատների խնդիրը նաև բնապահպանական արդարության խնդիր է։ Թունաքիմիկատների ազդեցության բեռը հասարակության տարբեր խմբերի միջև հավասարաչափ չի բաշխվում։ Առավել մեծ ազդեցության կարող են ենթարկվել գյուղատնտեսական ոլորտի աշխատողները, կանայք, երեխաները և որոշ համայնքներ»,- ասաց նա ՝ մանրամասնելով, որ թունաքիմիկատների կառավարման մասին խոսելիս հարկ է դիտարկել ոչ միայն քիմիական նյութի վտանգավորությունը, այլև այն, թե ո՞վ է ենթարկվում ազդեցությանը, ի՞նչ պայմաններում, որքանո՞վ ունի պաշտպանվելու կամ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու հնարավորություն։
«Այս խնդիրը միայն կառավարության կամ մեր գերատեսչության կողմից լուծելի չէ։ Անհրաժեշտ է միաժամանակ ապահովել 4 կարևոր ուղղություն՝ իրազեկվածություն, պատասխանատվություն, փաստերի վրա հիմնված քաղաքականություն և անվտանգ այլընտրանքներ։ Այս 4 ուղղություններով պետք է աշխատել»,- կարծիք հայտնեց փորձագետը։
Նրա համոզմամբ՝ բարձր վտանգավորության թունաքիմիկատներից հրաժարումը հնարավոր է այն դեպքում, եթե մենք ֆերմերներին առաջարկում ենք այլընտրանքներ։
«Դրանցից մեկը վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարն է։ Օրինակ՝ կարելի է իրականացնել վնասատուների մշտադիտարկում և կանխատեսում։ Օգտագործել ֆերոմոնային թակարդներ, թունաքիմիկատ կիրառել միայն այն դեպքում, երբ վնասատուի քանակը գերազանցում է արդեն տնտեսական վնասի շեմը»,- մանրամասնեց Անախասյանը։
Կարևոր են նաև պայքարի կենսաբանական մեթոդները։ Օրինակ՝ որոշ վնասատուների դեմ կարելի է կիրառել կենսաբանական պատրաստուկներ կամ օգտագործել վնասատուների բնական թշնամիներին։
«Միաժամանակ պետք է զարգացնել ագրոտեխնիկական միջոցառումները, կիրառել ավելի քիչ վտանգավոր պատրաստուկներ և ընդլայնել ագրոէկոլոգիական մոտեցումները։ Մենք պետք է հասկանանք, որ այլընտրանքը պարզապես մեկ քիմիական նյութը մեկ այլ նյութով փոխարինելը չէ։ Նպատակը պետք է լինի ամբողջ համակարգի վերափոխումը և քիմիական բեռի նվազեցումը։ Բարձր վտանգավորության թունաքիմիկատների խնդրի լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում։ Անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական քաղաքականությունը, ապահովել քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը, հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ներդրվեն ավելի անվտանգ այլընտրանքներ և բարձրացվի թունաքիմիկատների ազդեցության խնդրի կարևորությունը՝ հանրային առողջության քաղաքականության տեսակետից»,-եզրափակեց փորձագետը։



