Հայցերը կապված են հեղինակային իրավունքի խախտման և ապրանքային նշանների ապօրինի օգտագործման հետ:
Սպառողական ապրանքներ արտադրող ամերիկյան Procter & Gamble (P&G) ընկերությունը 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում 288 դատական հայց է ներկայացրել ռուսական վաճառողների դեմ։ Այդ հայցադիմումներից միայն 90-ը ներկայացվել է այս տարվա ընթացքում։ Այս մասին գրում է Shopper’s պարբերականը։
P&G-ն հայցերը ներկայացրել է բացառիկ հեղինակային իրավունքների խախտման և ապրանքային նշանների ապօրինի օգտագործման հիմքով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Fairy, Lenor և Tide կենցաղային քիմիայի, ինչպես նաև Head & Shoulders ու Pantene շամպունների և բալզամների ապրանքային նշաններին։ Պատասխանողներն այդ արտադրանքը վաճառել են Wildberries և Ozon մարքեթփլեյսներում։
Ըստ գործի նյութերի՝ վաճառողներն վաճառել են այնպիսի ապրանքներ, որոնք չեն թողարկվել ո՛չ P&G-ի գործարանների, ո՛չ էլ ընկերության ապրանքանիշներով արտադրանք արտադրելու թույլտվություն ունեցող գործընկերների կողմից։ Դատարանը հաստատել է, որ նման ապրանքներն ունեն կեղծվածության (կոնտրաֆակտի) հատկանիշներ։
Որոշ դեպքերում հայցվորն ու պատասխանողները կնքել են հաշտության համաձայնագրեր։
Հիշեցնենք, որ P&G-ն Ռուսաստանում գործում է 1991 թվականից և ունի երկու գործարան՝ Լենինգրադի և Տուլայի մարզերում։ 2022 թվականին ընկերությունը հայտարարել էր ՌԴ-ում իր ներկայությունը կրճատելու մտադրության մասին, սակայն արտադրությունը չէր դադարեցրել։ P&G-ի ապրանքները ներառված չեն զուգահեռ ներմուծման համար ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության հաստատած ցանկում։ 2025 թվականին «Պրոկտեր ընդ գեմբլ դիստրիբյուտորական ընկերություն» ՍՊԸ-ի հասույթը նվազել է 2%-ով՝ կազմելով 108,5 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը՝ ևս 2%-ով՝ հասնելով 2 մլրդ ռուբլու։



