Նոյեմբերի 11-ին ՀՊՏՀ սոցիալական և վարքաբանական հետազոտությունների կենտրոնում հյուրընկալվել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի պատվիրակությունը՝ Ռուսաստանի տնտեսության ուսումնասիրության բաժնի ղեկավարի տեղակալ Դին Չաոյի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև նույն ինստիտուտի բազմակողմ և տարածաշրջանային համագործակցության բաժնի ավագ գիտաշխատող Լին Ինը և գիտաշխատող Բի Ժաոհույը։
Հանդիպումը բացեց կենտրոնի ղեկավար Վարդան Աթոյանը։ Գիտափորձական քննարկումներին թեմատիկ զեկուցումներով հանդես եկան ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության ֆակուլտետի դեկան Աղավնի Հակոբյանը, կենտրոնի հետազոտողներ Վահրամ Հովյանն ու Նուշիկ Պետրոսյանը։
Զեկուցումներն ընդգրկում էին տարածաշրջանային զարգացումների և արտաքին տնտեսական կապերի առանցքային հարցերը։ Անդրադարձ կատարվեց ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում հայ-ռուսական համագործակցությանն ու ԵԱՏՄ-ին անդամակցության առավելություններին, ռիսկերին և հեռանկարներին, Հարավային Կովկասում Հայաստանի՝ որպես ռազմավարական հանգույցի դերին, ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում հայ-չինական առևտրատնտեսական կապերի խորացման գործնական քայլերին։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին կայուն հիմքերի վրա դնել գիտական համագործակցությունը՝ զարգացնելով համատեղ հետազոտական նախաձեռնությունները և կազմակերպելով փոխայցելություններ։



