Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, իսկ 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք գյուղում գտնվող՝ 1.49 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը և 0.72 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձանց: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2009 թվականին Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի (Արթուր Ալոյան՝ խմբ.) որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ վերոնշյալ հողամասերը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել են «աճուրդում» հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքների տրամադրման ժամանակ անցկացված աճուրդն իրականցվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:
Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը միջնորդագիր է հասցեագրել Աշոցք համայնքի գործող ղեկավարին՝ ֆիզիկական անձանց կողմից հողատարածքների ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի արդյունքում՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 21-ին և օգոստոսի 25-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը. Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել ընդհանուր 2.21 հա մակերեսով՝ 1 միլիոն 63 հազար դրամ կադաստրային արժեքով 2 հողատարածք:
Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում՝ Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել ընդհանուր՝ 25.32 հա մակերեսով, 18 միլիոն 169 հազար դրամ կադաստրային արժեքով 7 հողամաս»,- նշվում է հաղորդագրության մեջ:



