Սեպտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ նախարարության լրատվական ծառայությունից։
«Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ կարևորելով ուղիղ կապերի և մասնագիտական փոխանակումների ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցությանը։ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության նոր լիազորությունների համատեքստում կարևորվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակումը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։
ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը կարևորել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Քննարկվել են նաև «Երևանյան երկխոսության» և լեհական գործընկեր կառույցների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է Կազիմիր Պուլասկու հիմնադրամի հետ համագործակցության շարունակական զարգացումը, ինչպես նաև «Վարշավայի անվտանգության ֆորումի» հետ փոխգործակցության խորացումը։
Հանդիպման ավարտին Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների դիվանագիտական ակադեմիաների միջև դիվանագիտական վերապատրաստումների և կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»,- ասված է հաղորդագրության մեջ։



