2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ ներկրվել է 17.8 մլն դոլարի նավթամթերք (բենզին և դիզելային վառելիք) ու 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։
Հայաստան ներմուծված ադրբեջանական վառելիքը քննարկման մեծ առիթ դարձավ 2025-ի դեկտեմբերին, երբ սկսվեցին ներկրումները։
Իշխանություններն այն համարեցին ձեռքբերում Հայաստանի տնտեսության ու խաղաղության համար, իսկ ընդդիմախոսները՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնել։
Սկզբում հայտնի էր միայն բենզինի ներկրման մասին, հետագայում հայտարարվեց, որ դիզելային վառելիք ևս ներմուծվում է։
Օրերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները «ազդարարեցին», որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն՝ 977 տոննա դիզելային վառելիք։
Փորձենք հասկանալ, թե ներկրումների մեկնարկից կես տարի անց ինչ կշիռ ունի ադրբեջանական նավթամթերքը հայկական շուկայում։
Առաջին կիսամյակում Հայաստան ներմուծված նավթամթերքի ամենախոշոր մատակարարները Թուրքիան ու Ռուսաստանն են
Մաքսային ծառայության բաց բազայում առկա են «նավթամթերք» խոշորացված ապրանքախմբի տվյալները, որում հիմնական մասն են կազմում բենզինը, դիզելային և ավիացիոն վառելիքը, իսկ ավելի փոքր մասը՝ մազութը, նավթն ու քսայուղերը։
Ընդհանուր առմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 299 մլն դոլարի նավթամթերք։ Ստացվում է, որ Ադրբեջանի մասնաբաժինն այս ներմուծման մեջ 6% է։
2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր ծավալն աճել է մոտ 30%-ով։
Այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիան դարձել է ամենախոշոր մատակարարը՝ 20% մասնաբաժնով՝ գերազանցելով Ռուսաստանին։ Թուրքիայից նավթամթերքի ներկրումը կտրուկ աճել է․ ներմուծվել է մոտ 61 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3.5 անգամ։
Դրան զուգահեռ կտրուկ նվազել են Ռուսաստանից ներմուծման ծավալներն ու այդ երկրի կշիռը։ Առաջին կիսամյակում Ռուսաստանից ներկրվել է մոտ 58 մլն դոլարի նավթամթերք, իսկ ՌԴ մասնաբաժինը 46%-ից կրճատվել է մինչև 19%։
Տեսանելի աճ կա Իրանից և Բուլղարիայից ներմուծման գծով։
Հիշեցնենք, որ այստեղ նավթամթերք ընդհանուր ապրանքախմբի տվյալներն են, ըստ առանձին բենզինի և դիզելային վառելիքի ենթախմբերի երկրների մասնաբաժինները կարող են որոշակի տարբերվել։
Հայաստանից Ադրբեջան արտահանումը 0 է
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ադրբեջան որևէ արտահանում չի իրականացվել. արտահանման մաքսային վիճակագրության մեջ Ադրբեջանի անունը չկա։
2025 թվականի տարեվերջյան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ «առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում կլինի»։ Ըստ նրա «քաղաքական արգելքի» բացակայության պայմաններնում պետք է բիզնեսները «ինչ-որ բան» անեն։
Այս տարվա ապրիլին Աղվերանում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումից զատ, տեղի է ունեցել նաև քննարկում հայ և ադրբեջանցի գործարարների միջև։
Օգոստոսին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ գործարարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության մասին հարցեր։ Չնայած Հայաստանի իշխանությունների այս և այլ հայտարարություններին՝ փաստացի այդ բանակցությունները հայ արտահանողների համար առաջին կիսամյակում որևէ արդյունք չեն տվել։
Ապրիլին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 960 դոլարի ապրանք՝ ծաղիկներ։ Լուրը թարգմանել և հրապարակել էին նաև հայկական լրատվամիջոցները։ Ավելի ուշ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից հերքեցին այս լուրը։



