Տնտեսագետ

ՀՊՏՀ — ն և «Երեմյան» ընկերությունների խումբը գործընկերներ են

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը և «Երեմյան» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը սեպտեմբերի 8-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ազդարարելով կրթություն-բիզնես համագործակցության մեկնարկը։

Հանդիպմանը ՀՊՏՀ գործընկերներն անդրադարձան կրթության ոլորտում ներդրումներին, աշխատաշուկայի համար որակյալ կադրերի պատրաստմանը, կրթություն-բիզնես համագործակցության կարևորությանը։

«Երեմյան» ընկերությունների խումբը, որը Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջատարներից է, իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում ստեղծել և իրականացրել է համարձակ, յուրօրինակ և հայեցակարգային տասնյակից ավելի նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման գործում: «Բացի հյուրընկալությունից՝ կրթությունն ու գյուղատնտեսությունը ևս մեզ համար կարևոր ուղղություններ են, և ուրախալի է տեսնել, թե ինչպիսի ենթակառուցվածքներ է ստեղծել Տնտեսագիտական համալսարանը։ Մենք համոզված ենք, որ միջավայրը և պայմանները շատ կարևոր են»,- ասաց Դավիթ Երեմյանը՝ հավելելով, որ ընկերության Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան 3000-ից ավելի շրջանավարտներ ունի, որոնց 90 տոկոսն աշխատում է ոլորտում։

«Վերջին տարիներին մեր համալսարանը ենթակառուցվածքների արմատական վերափոխման փուլում էր, որը մոտենում է ավարտին։ Մենք նույնպես հավատում ենք, որ միջավայրը կարևոր է և ուրախությամբ ենք տեսնում մեր ուսանողների վարքագծի փոփոխությունը․ նոր միջավայրում նրանք հոգատար են, միաժամանակ՝ պահանջկոտ կրթության բովանդակության նկատմամբ»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց, որ բուհը կարևորում է բիզնեսի հետ համագործակցությունը․«Բարձր եմ գնահատում ձեր գործունեությունը, որովհետև դուք գիտելիքի, կրթության մեջ ներդրում կատարող ընկերություն եք։ Ուրախ եմ մեր համագործակցության համար, որը կարող է լինել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ սերվիսի ոլորտում լավ մենեջերների պատրաստման»։

Համագործակցությունը միտված է փորձառությունների, համատեղ միջոցառումների կազմակերպմանը, կրթաթոշակների տրամադրմանը, ուսանողների կարիերայի ապահովմանը և այլն։

Հանդիպման ավարտին հյուրերը ռեկտորի ուղեկցությամբ շրջեցին բուհում, ծանոթացան նորարարական և տեխնոլոգիական ներդրումներին, վերափոխված ենթակառուցվածքներին։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top