Ակբա բանկը գործունեությունը մեկնարկել է գյուղացու ստեղծած արժեքին ու աշխատանքին հավատալու գաղափարից:
Դեռ 30 տարի առաջ բանկի մեկնարկած ճանապարհի հիմքում փոխվստահության գաղափարն էր, որն առ այսօր շարունակում է մնալ բանկի գործունեության հիմնասյունն ու Ակբայի արժեհամակարգի անբաժանելի մասը։
Սկսելով ֆինանսական և տեխնիկական սահմանափակ միջոցներով՝ Ակբան այսօր Հայաստանի համակարգային բանկերից է ու ոլորտի առաջատարներից, որն անընդմեջ զարգացնում է տրամադրվող ծառայությունները՝ նպաստելով Հանրապետության զարգացմանը։
«Բանկի գործունեության ազդեցությունը կարելի է չափել ոչ միայն ֆինանսներով, այլև իրականացրած զարգացման ծրագրերով։ Հայաստանում Ակբա բանկը նպաստել է համայնքների համաչափ զարգացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև բնապահպանական, առողջապահական, կրթական ու մշակութային բազմաթիվ նախագծերի կայացմանը։ Բիզնեսն ու հանրային արժեք ստեղծելը փոխլրացնում են միմյանց։ Ակբայի առաջին 30-ամյակը հուսալի հիմք է հաջորդ 30 տարիների համար․ շարունակելու ենք անդավաճան մնալ մեր արժեքներին, գաղափարներին ու միասին կերտելու ենք բանկի ապագան»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկն իր ճանապարհը սկսել է Հայաստանի դաշտերից, Հայաստանի համայնքներից։ Մեր հիմնադիրները և առաջին աշխատակիցները գնացել են այնտեղ, որտեղ ուրիշները տատանվել են գնալ»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։
«Ձեր ազդեցությունը շատ լայն եմ համարում։ Ակբան շատ հարցերում առաջամարտիկ է, և ես ցանկանում եմ, որ սա պահպանվի և էներգիան միայն շատանա։ Ակբա բանկը նաև միջազգային կազմակերպությունների հետ շատ երկար տարիների աշխատանքային փորձ ունի, ինչը շատ օրինակելի փորձ է Հայաստանի Հանրապետության համար։ Այս 30 տարիների ընթացքում այն, ինչ Ակբա բանկն արել է, շատ համահունչ է հենց Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի զարգացումներին։ Ցանկանում եմ, որ Ակբա բանկի ճանապարհը կանաչ լինի՝ իր գույների նման»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Ակբան ունի շուրջ 1900 աշխատակից, 64 մասնաճյուղով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Բանկը Հայաստանում բացարձակ առաջատար է POS տերմինալների քանակով և թողարկված բանկային քարտերի ծավալով (ավելի քան 1 միլիոն գործող քարտ), բանկի acba digital համակարգի օգտագործողների քանակը շուրջ 750 հազար է։ Նոր, իննովացիոն տեխնոլոգիաների շարունակական ներդրումների շնորհիվ բանկում կատարվող գործարքների շուրջ 90%-ն իրականացվում է բանկի թվային ուղիներով։ Ակբա բանկն ունի ավելի քան 5000 բաժնետեր։



