Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկա և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին:
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են քաղաքաշինության և կառուցապատման ոլորտում իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունները, ինչպես նաև անդրադարձել պետություն-մասնավոր երկխոսության միջոցով առկա խնդիրների լուծման ուղիներին:
Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ պետությունը և բիզնեսը մոտ են, քան երբևէ, իսկ տնտեսությունը, պետություն-բիզնես հարաբերությունները, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեն ու վարչարարությունը գտնվում են մեծ տրանսֆորմացիայի փուլում։ «Մեր առաքելությունը և տեսլականը սահմանել ենք Պետական եկամուտների կոմիտեի համար և անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, դեպի կամավոր կարգապահություն»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։
Ներկայացնելով ոլորտի ցուցանիշները՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ 2025 թվականին շինարարության ոլորտից վճարված հարկերը կազմել են 210 միլիարդ դրամ (39% աճ), իսկ 2026 թվականի 9 ամիսներին՝ 184 միլիարդ դրամ (22% աճ)։ Ընդ որում, միայն կառուցապատողների մասով 2025 թվականին վճարվել է 69 միլիարդ դրամ հարկ (115% աճ), իսկ 2026 թվականի 9 ամիսներին՝ շուրջ 70 միլիարդ դրամ (40% աճ)։
Անդրադառնալով վարչարարությանն ու ստվերային երևույթների դեմ պայքարին՝ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ Կոմիտեն մեծ տեղ է հատկացնում վերլուծական, հեռավար վարչարարությանը՝ այն դարձնելով առավել թիրախային և հավասար բոլորի համար։ «Մենք արդեն մեկնարկել ենք տվյալների լայնամասշտաբ փոխանակումը Կադաստրի կոմիտեի և Քաղաքաշինության կոմիտեի ձևավորվող համակարգերի հետ, իսկ դրանց ամբողջական ինտեգրումը մեր հարկային ու մաքսային թվային համակարգին հնարավորություն է տալու ավելի տեսանելի դարձնել շինարարության զարգացումները»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։
Կոմիտեի ղեկավարը նաև հավելել է, որ ՊԵԿ-ը գնալու է շինարարության ոլորտում ապրանքների ամբողջական հետագծելիության համակարգի ներդրման ճանապարհով, իսկ նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության գործիքները հնարավորություն են տալու վարչարարությունը դարձնել ավելի խելացի, թվային և թիրախային պայքարել ստվերի դեմ։
Եզրափակելով ելույթը՝ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել շինարարներին, կառուցապատողներին, ասոցիացիայի գործընկերներին և պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության և Հայաստանի Հանրապետության տնտեսության տրանսֆորմացիային համատեղ մասնակցելու համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև գործնական ու օրենսդրական մի շարք նոր նախաձեռնություններ այդ թվում՝ «Կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, կառուցապատողների սնանկության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը և ներդրումային անշարժ գույքի նախագիծը, որոնց հաջորդել են հարցուպատասխանն ու ամփոփիչ քննարկումները:



