ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը մասնակցել է Իտալիայում և Ավստրիայում կայացած երկու միջազգային աշխատաժողովի։
Առաջինը Կրթության և ֆինանսական հաշվետվողականության մասնագիտական համայնքների 13-րդ համատեղ աշխատաժողովն էր՝ «Թվային և արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ ֆինանսական և կայունության հաշվետվողականության համար» խորագրով։ Այն կայացել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը՝ Իտալիայի Ուդինեի համալսարանում և կազմակերպվել է Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության ծրագրի (PULSAR-2) շրջանակում։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտներում թվային փոխակերպման ու արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆինանսական հաշվետվությունների համախմբման գործընթացում թվային գործիքների կիրառմանը, ֆինանսական և կայունության հաշվետվությունների որակի բարելավմանը, ինչպես նաև այդ թեմաների ներառմանը կրթական ծրագրերում և մասնագիտական վերապատրաստման գործընթացներում։
Հոկտեմբերի 5–6-ը Հայկ Մնացականյանը մասնակցել է նաև Վիեննայում (Ավստրիա)՝ Համաշխարհային բանկի ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի կազմակերպած՝ «Հաշվառում և աուդիտ՝ վստահության, մրցունակության և կայունության ապահովման համար» խորագրով միջազգային աշխատաժողովին։
Վերջինիս ընթացքում քննարկվել են կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի բարեփոխումների արդիական հիմնահարցերը, այդ թվում՝ դրանց ազդեցության գնահատումը, միկրո և փոքր կազմակերպությունների հաշվետվողականության պահանջների պարզեցումը, կայունության հաշվետվողականության զարգացումները, աուդիտի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մոտեցումները, ինչպես նաև արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։
Առանձին ուշադրություն է դարձվել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի մասնագետներից պահանջվող ապագա մասնագիտական հմտություններին և մասնագիտության փոփոխվող պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությանը։
Պրոֆեսորի ներկայացմամբ՝ երկու աշխատաժողովներին մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու միջազգային առաջավոր փորձին, փոխանակելու մասնագիտական գիտելիքներ և ուսումնասիրելու ֆինանսական հաշվետվողականության ու աուդիտի ոլորտների զարգացման միտումները։ Ըստ նրա՝ քննարկված հարցերն ու ներկայացված մոտեցումները կարող են օգտակար լինել ՀՊՏՀ կրթական ծրագրերի կատարելագործման և ապագա մասնագետների պատրաստման գործընթացում։



