Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը՝ ՊԵԿ ներքին աուդիտի բարեփոխումների ծրագրի շրջանակում մշակված ճանապարհային քարտեզը քննարկելու նպատակով։ Ներքին աուդիտի բարեփոխումների ծրագիրն իրականացվում է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ։ Նիստին մասնակցել են Կոմիտեի անդամները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և համապատասխան փորձագետները:
ՊԵԿ նախագահը, բարձր գնահատելով ՊԵԿ ներքին աուդիտի վարչության դերը համակարգում առկա ռիսկերի գնահատման, ներքին հսկողական համակարգերի արդյունավետության վերլուծության և Կոմիտեի գործունեության շարունակական բարելավման գործում, ընդգծել է նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը։
Փորձագետները ներկայացրել են ներքին աուդիտի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև եռամյա ծրագրի ճանապարհային քարտեզը։ Միաժամանակ, քննարկվել են ծրագրի փուլային աշխատանքները, պատասխանատուների շրջանակը և ժամկետները։ Բարձրացված հարցերին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Կոմիտեի դերը՝ ներքին աուդիտին ուղղված կարողությունների զարգացման և կատարելագործման գործում։
ՊԵԿ ներքին աուդիտի բարեփոխումների ծրագիրն իրականացվում է ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համահունչ՝ նպաստելով համակարգի շարունակական զարգացմանը:



