Արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և արագ արձագանքելու համար կարևոր է նախապես իմանալ՝ ինչ անել և ինչպես պաշտպանվել։ Այս թեմայի շուրջ էլ Փրկարարի օրվա առթիվ ՀՊՏՀ-ում կազմակերպվեց հանդիպում՝ նվիրված երկրաշարժի վտանգներին, հնարավոր հետևանքներին և անվտանգության հիմնական կանոններին։ Մասնակցում էին ՀՊՏՀ կառավարման, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների առաջին կուրսեցիները։
Ուսանողների հետ աշխատելու և իրենց գիտելիքն ու փորձը վերջիններիս փոխանցելու համար ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էին ՆԳՆ Փ/Ծ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը, նույն բաժնի ավագ հրահանգիչներ, փ/ծ փոխգնդապետներ Կարեն Տոնոյանն ու Արտյոմ Ստեփանյանը, ինչպես նաև բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Արտյոմ Վելյանը։
Մասնագետների հետ քննարկվեցին գործնական հարցեր՝ ինչպե՞ս խուճապի չմատնվել երկրաշարժի ժամանակ, ինչպե՞ս արագ կողմնորոշվել և սեփական անվտանգությունն ապահովելուց հետո աջակցել մարդկանց։
Տեսականին հաջորդեց գործնական փուլը․ տագնապի ազդանշանից հետո ուսանողները մասնակցեցին տարհանմանը, կիրառեցին երկրաշարժի ժամանակ անվտանգության հիմնական կանոնները և ուսումնավարժանքի միջոցով ամրապնդեցին արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ գործելու հմտությունները։
«Այսպիսի միջոցառումները կարևոր են ոչ միայն գիտելիք ու հմտություններ փոխանցելու, այլև անվտանգության մշակույթ ձևավորելու առումով։ Փրկարարի օրվա առիթով անհրաժեշտ է արժևորել փրկարարների ամենօրյա աշխատանքը՝ այն մարդկանց, որոնք պատրաստ են ցանկացած պահի կանգնել վտանգի առջև, օգնության հասնել և փրկել մարդկային կյանքեր»,- ՀՊՏՀ ԱԻ և ՔՊ պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը։



