Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2026 թվականի դափնեկրի անունը։ Այս տարի մրցանակին արժանացել է «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ճարտարագետ և գործարար Քամ Ղաֆարիանը։
Ասուլիսի ընթացքում մրցանակի նշանակության, դրա առաքելության և այս տարվա դափնեկրի մասին խոսել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը,Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշել է, որ մրցանակն ունի մի քանի կարևոր առաքելություն՝ բարձրացնելով Հայաստանի տեսանելիությունը միջազգային տեխնոլոգիական ոլորտում և ընդգծելով երկրի դերակատարությունը համաշխարհային տեխնոլոգիական օրակարգում։
«Անչափ կարևոր է նաև, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ երիտասարդներն առիթ ունեն շփվելու լեգենդար անձանց հետ, առաջին ձեռքից տեղեկանալու ոլորտի զարգացումների և միտումների մասին։ Նորարարությունների իրական արժեքը պայմանավորված է այն դրական փոփոխություններով, որոնք դրանք բերում են մարդկանց կյանքում, և այս մրցանակը կարևորում է հենց այդ գաղափարը։ Ուրախ եմ, որ Հայաստանում կան նախաձեռնություններ, որոնք արդեն 17 տարի շարունակվում են, և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում սատարել են այս բացառիկ նախաձեռնությանը»,- ասել է նախարարը։
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը նշել է, որ յուրաքանչյուր մեծ ձեռքբերման հիմքում կանգնած է մարդ, որը հավատացել է իր գաղափարին և համարձակություն է ունեցել անել առաջին քայլը։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի երեխաներն ու երիտասարդները մեծանան սեփական ուժերի նկատմամբ նույնպիսի հավատով։ Որպեսզի, տեսնելով համաշխարհային առաջնորդների ձեռքբերումները, մտածեն՝ «Ես նույնպես կարող եմ», և որպեսզի Հայաստանը նրանց համար լինի մի վայր, որտեղ իրենց տաղանդը պահանջված է, գաղափարներն արժեք ունեն, իսկ մեծ ճանապարհը կարող է սկսվել հենց այստեղից։ Հենց այդ պատճառով Viva-ն արդեն 17 տարի աջակցում է այս մրցանակին՝ Հայաստանը կապելով մարդկանց հետ, որոնք ընդլայնում են հնարավորի սահմանները»,- ասել է Արմեն Ավետիսյանը։
«Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծել է, որ Քամ Ղաֆարիանն ամբողջությամբ մարմնավորում է մրցանակի գաղափարախոսությունը։
«Նրա ուշագրավ ճանապարհը՝ Լուսնի վրա մարդկության առաջին քայլերով ոգեշնչված մանուկից մինչև տիեզերական հետազոտությունների ոլորտի առաջատար դառնալը, ցույց է տալիս, թե ինչպես կարող են համարձակ տեսլականն ու նորարարությունը նպաստել մարդկության առաջընթացին»,- նշել է Հովիկ Մուսայելյանը։
Մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացվել է նաև, որ Քամ Ղաֆարիանը նոյեմբերին կայցելի Հայաստան։
Քամ Ղաֆարիանը տիեզերական և բարձր տեխնոլոգիական ոլորտների առաջատար գործիչ է։ Նրա համահիմնադրած «Axiom Space» ընկերությունը NASA-ի հետ համագործակցությամբ իրականացնում է առևտրային տիեզերական առաքելություններ և ուղեծրային ենթակառուցվածքների ստեղծման նախագծեր։ 2024 թվականին «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը պատմական վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռային շրջանում՝ դառնալով Apollo 17-ից հետո Լուսնի մակերևույթ հասած առաջին ամերիկյան տիեզերական սարքը և նմանատիպ առաջին առևտրային առաքելությունը։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հիմնվել է ՀՀ նախագահի հրամանագրով 2009 թվականին։ Մրցանակը շնորհվում է այն անհատներին, որոնց տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական կամ ֆինանսական ներդրումը միջազգային ճանաչում է ստացել և նշանակալի ազդեցություն ունեցել մարդկության առաջընթացի վրա։
Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Synopsys» ընկերությունն է։ Արդեն 17 տարի մրցանակի գլխավոր գործընկերն է Viva-ն, իսկ նախաձեռնությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։



