Տնտեսագետ

«Պաշտպանված սրտի քաղաք Երևան». ՊԵԿ-ում մեկնարկել է առաջին օգնության դասընթացների շարք

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Պետական եկամուտների կոմիտեում, «Պաշտպանված սրտի քաղաք Երևան» նախաձեռնության ներքո, մեկնարկել է առաջին օգնության և ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի (AED) կիրառման դասընթացների շարք։ Դասընթացներն անցկացվում են Պետական եկամուտների կոմիտեի և «ՀԵՆԱՐ» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ ապահովելով Կոմիտեի աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը։ Նախաձեռնության առանցքում՝ սրտի հանկարծակի կանգի դեպքում գործուն քայլերի ներկայացումն է, ինչը թույլ է տալիս զգալիորեն կրճատել արձագանքման ժամանակը և ցուցաբերել առաջին օգնությունը՝ մինչ շտապօգնության ժամանելը։
Կարևորելով «Պաշտպանված սրտի քաղաք Երևան» նախաձեռնության սոցիալական նշանակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն առաջին պետական կառույցն է, որն իր աշխատակիցների համար նախաձեռնության շրջանակում իրականացնում է  վերապատրաստումներ։
Դասընթացի ընթացքում Կոմիտեի աշխատակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի սարքի օգտագործման հմտություններին։ Միաժամանակ, մասնակիցները ձեռք են բերել սրտի կանգի դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնելու գործնական կարողություններ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում կիրառել արտակարգ իրավիճակներում։  Ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ։
Կոմիտեում մշտապես կարևորվում են աշխատակիցների առաջին բուժօգնություն ցուցաբերելուն ուղղված գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումն ու կատարելագործումը։ Այս նպատակով ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից ևս պարբերաբար կազմակերպվում և իրականացվում են առաջին բուժօգնության պարտադիր դասընթացներ՝ զարգացնելով արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքելու աշխատակիցների կարողությունները։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top