Տնտեսագետ

ՊԵԿ-բիզնես երկխոսություն․ մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ընթացիկ խնդիրներն ու հաղթահարման ուղիները

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Կարևորելով ՊԵԿ-բիզնես արդյունավետ երկխոսությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համատեղ քննարկելու իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու հետ կապված խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։

Հանդիպման ընթացքում, ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը, մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների և արձանագրված արդյունքների համատեքստում, առանձնացրել է հատկապես ExIm տեղեկատվական հարթակի մշակումն ու ներդրումը՝ ընդգծելով հարթակի հնարավորություններն ու առավելությունները։ Միաժամանակ, կարևորվել է հարթակից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրների, նաև բարելավման ուղղությամբ առաջարկների և այլ ընթացիկ հարցերի շուրջ բաց և անկաշկանդ քննարկումը։ Մաքսային գործընթացների բարելավման և դրանց արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի շրջանակում անդրադարձ է եղել նաև «Մեկ պատուհան» հարթակում թույլատվական փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ծանուցումների պատշաճ ապահովման հետ կապված խնդիրներին և դրանց հաղթահարմանն ուղղված լուծումներին։

Ակտիվ քննարկում է ծավալվել նաև մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է եղել մաքսային ընթացակարգերի, այդ թվում՝ ապրանքների հայտարարագրման, փաստաթղթավորման, բեռի զննության և ապրանքների բացթողնման հետ կապված ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև մաքսային գործընթացներում հետադարձ կապի արագ արձագանքման հնարավորություններին։ Բարձրացված խնդիրներին և հարցերին տրամադրվել են մասնագիտական պարզաբանումներ։

Քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների առանցքում մաքսային աշխատողի և տնտեսվարողի միջև ֆիզիկական շփումը նվազագույնի հասցնելն է, ինչպես նաև մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելը։ Այս համատեքստում նշվել է նաև տնտեսվարողների կողմից բարձրացվող խնդիրներին արագ արձագանքելու և դրանց լուծումների ուղղությամբ հետևողական ու շարունակական աշխատանքների ապահովումը։

Միաժամանակ, կարևորվել է մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից մաքսային գործընթացների արդյունավետ կազմակերպման համար հետևողականության ապահովումը, այդ թվում՝ սահմանված ժամկետներում ճշգրիտ տվյալների և դրանք  հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը, ինչը հնարավորություն կտա խուսափել գործընթացների անհարկի երկարացումից։

 

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top