Տնտեսագետ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կենտրոնակայանում մասնակցել է Smart Customs («Խելացի մաքսատուն») ծրագրի գլոբալ միջոցառմանը։ Բացման նիստում հանդես գալով որպես գլխավոր զեկուցող՝ ներկայացրել է Հայաստանի մաքսային վարչարարության տեխնոլոգիական վերափոխման տեսլականն ու նախաձեռնությունները։

Միջոցառման բացման նիստում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով Հայաստանի հարկային և մաքսային վարչարարության թվային վերափոխման տեսլականը, «Խելացի սահման» ծրագրի ուղղությունները, էլեկտրոնային առևտրի կառավարման և արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կիրառման նախաձեռնությունները։

ՊԵԿ նախագահը ներկայացրել է Հայաստանի մաքսային վարչարարության տեխնոլոգիական վերափոխման հիմնական նախաձեռնությունները՝ կարևորելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառումը ռիսկերի գնահատման, ռենտգենյան պատկերների վերլուծության, անոմալիաների բացահայտման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել «Խելացի սահման» ծրագրին, որը նախատեսում է սահմանային անցման կետերի միասնական էլեկտրոնային հարթակի, բեռների նախնական տեղեկատվության և բեռնատարների էլեկտրոնային հերթերի կառավարման համակարգերի ներդրում։ Նախատեսվում են նաև առանց կանգառի կշռում, արհեստական բանականությամբ համալրված ռենտգենյան զննում, տարանցիկ փոխադրումների էլեկտրոնային կապարակնիքներ և ռիսկերի բացակայության դեպքում՝ ապրանքների հեռավար բացթողում։

Էլեկտրոնային առևտրի ոլորտում նշվել է, որ երրորդ երկրներից Հայաստան սուրհանդակային առաքանիների թիվը 2022 թվականի 1,8 միլիոնից 2025 թվականին հասել է 6,9 միլիոնի։ Այս աճին արձագանքելու նպատակով ներկայացվել են հատուկ մաքսային հայտարարագրի, առևտրային հարթակներից ապրանքների արժեքի վերաբերյալ տվյալների ստացման և առևտրային ներմուծման ռիսկերի բացահայտման նախաձեռնությունները։

ՊԵԿ նախագահը կարևորել է նաև արհեստական բանականության կիրառման պատասխանատու մոտեցումները՝ տվյալների պաշտպանությունը և  շարունակական վերահսկումը։ Նա հայտնել է ՀՄԿ-ի՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման պատրաստվածության ինքնագնահատման գործիքը կիրառելու և արդյունքներով անդամ երկրների հետ կիսվելու մտադրությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության և մասնագիտական կարողությունների զարգացման նշանակությունը։

Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագիրն իրականացվում է Չինաստանի մաքսային համագործակցության հիմնադրամի՝ CCF-China-ի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցելու մաքսային ծառայություններին առաջադեմ տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, բլոկչեյնի և այլ նորարարական լուծումների ուսումնասիրման ու կիրառման հարցում՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և օրինական առևտրի դյուրացման համար։

Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են տեխնոլոգիաների ներդրման գործնական, իրավական, կազմակերպական և տեխնիկական հարցերը, անդամ երկրների կարիքներն ու փորձը։ Տարածաշրջանային և համաշխարհային միջոցառումների, ազգային փորձի ուսումնասիրությունների և համայնքային առցանց հարթակի միջոցով խթանվում են գիտելիքների փոխանակումն ու մաքսային ծառայությունների համագործակցությունը։ Ծրագրի արդյունքներից է առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ ՀՄԿ ուսումնասիրության թարմացումը՝ հիմնվելով 2022 թվականին հրապարակված ՀՄԿ/ԱՀԿ համատեղ զեկույցի վրա։

Բրյուսելում՝ ՀՄԿ կենտրոնակայանում, կազմակերպված Smart Customs համաշխարհային միջոցառումը նվիրված է ծրագրի արդյունքների ամփոփմանը, թարմացված ուսումնասիրության ներկայացմանը և մաքսային ոլորտում տեխնոլոգիաների կիրառման հետագա հնարավորությունների քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցում են մաքսային ծառայությունների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։

 

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top