Տնտեսագետ

ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ EYONEDIP նախագծի միջազգային ճամբարի մասնակիցներ

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Հոկտեմբերի 8-15-ը «Էրազմուս+» ծրագրի «Արևելյան հարևանության երիտասարդական կազմակերպությունների հզորացում՝ թվային ներառվածության և խաղաղության կառուցման համար» (Empowering Youth Organizations in Neighborhood East for Digital Inclusion and Peacebuilding – EYONEDIP, ERASMUS-YOUTH-2025-CB-NE) նախագծի շրջանակում Իսպանիայի Բենալմադենա Կոստա քաղաքում անցկացվել է միջազգային միջսահմանային ճամբար (Cross-Border Bootcamp)։

Ճամբարը հյուրընկալել էր ծրագրի իսպանական գործընկեր «Պրոյուվեն» կազմակերպությունը՝ մեկտեղելով Հայաստանից և Վրաստանից ժամանած երիտասարդներին ու ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման նպատակն էր զարգացնել թվային համագործակցության և երիտասարդների շրջանում խաղաղության մշակույթի խթանմանն ուղղված նորարարական գաղափարներ։ Այն EYONEDIP նախագծի երրորդ աշխատանքային փաթեթի շրջանակում իրականացվող կարևոր միջոցառումներից էր՝ միտված նախորդ վերապատրաստումների և նորարարական լաբորատորիաների արդյունքները գործնական լուծումների վերածելուն։

Միջոցառմանը ՀՊՏՀ-ից մասնակցել են ֆոնդահայթայթման և ծրագրերի իրականացման բաժնի միջազգային նախագծերի համակարգող Անի Պետրոսյանը, միջազգային կապերի օտարերկրացի ուսանողների ծառայության համակարգող Վարդիթեր Բաղդասարյանը և կարիերայի կենտրոնի առաջատար մասնագետ Միլենա Օհանջանյանը։

Ճամբարի ընթացքում Հայաստանից և Վրաստանից ժամանած երիտասարդները համատեղ աշխատել են միջսահմանային թիմերում՝ բացահայտելով երիտասարդներին առնչվող խնդիրները, վերլուծելով դրանց պատճառները և մշակելով թվային լուծումներ։ Աշխատանքներն իրականացվել են գործնական և մասնակցային մեթոդաբանությամբ՝ ներառելով գաղափարների գեներացում, նախատիպերի մշակում և փորձարկում, մասնակիցների ու մենթորների հետադարձ կապի հիման վրա դրանց կատարելագործում, ինչպես նաև վերջնական ներկայացումների պատրաստում։

Ճամբարի վեց հիմնական օրերի ընթացքում մասնակիցները մշակել և կատարելագործել են իրենց նախագծերը, պատրաստել ներկայացումներ և ամփոփել թիմային աշխատանքի արդյունքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել թվային գործիքների արդյունավետ կիրառմանը, միջմշակութային համագործակցությանը, ներառական հաղորդակցությանը և խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին։ Միջոցառումը նաև նպաստել է երիտասարդների թիմային աշխատանքի, հաղորդակցման և թվային հմտությունների զարգացմանը։

Բութքեմփի շրջանակում Անի Պետրոսյանը հանդիպել է EYONEDIP նախագծի համակարգող «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի տնօրեն Դավիթ Բուդաղյանին և «Պրոյուվեն» ՀԿ-ի տնօրեն Ֆրանչեսկո Ռուբերտոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի շրջանակում նախատեսվող գործողությունները և գործընկերների միջև համագործակցության շարունակականությունն ապահովելու հարցերը։

Միջազգային ճամբարը կարևոր հարթակ էր Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև համագործակցությունն ամրապնդելու, փորձի փոխանակումը խթանելու և թվային լուծումների միջոցով երիտասարդներին առնչվող խնդիրներին անդրադառնալու համար։

Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Սակայն արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են միայն հեղինակ(ներ)ին, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ EACEA-ն պատասխանատվություն չեն կրում դրանց համար:

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top