Հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանում անցկացված Tourism Regional Forum (TRF) 2026-ի շրջանակում քննարկվել են զբոսաշրջության, ներդրումների և տարածաշրջանային տնտեսական զարգացման հեռանկարները։
Հոկտեմբերի 10-ին կայացած քննարկմանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկման առանցքում ազատ տնտեսական գոտիների հնարավորություններն էին, դրանց ստեղծման համար անհրաժեշտ պայմանները և տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում ունեցած դերը։ Ազատ տնտեսական գոտիների թեման դիտարկվել է ներդրումային միջավայրի բարելավման, պետական և մասնավոր հատվածների համագործակցության ընդլայնման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման համատեքստում՝ ընդգծելով դրանց ներուժը տարածաշրջանների երկարաժամկետ տնտեսական զարգացման գործում։
TRF 2026-ը մեկ հարթակում համախմբեց զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մասնագետներին՝ քննարկելու, թե ինչպես կարող են քաղաքները պահպանել իրենց ինքնությունը, զարգացնել տեղական տնտեսությունը և ստեղծել երկարաժամկետ արժեք։ Ֆորումը Դիլիջանը ներկայացրեց որպես միջազգային մասնագիտական երկխոսության և համագործակցության հարթակ՝ միավորելով տնտեսական զարգացման, մշակույթի, բարեկեցության և հյուրընկալության կրթության թեմաները։



