Պետական եկամուտների կոմիտեն մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում ավանդույթ դարձած՝ հերթական աշխատանքի տոնավաճառին, որն այս տարի մեկ հարկի տակ համախմբել էր ավելի քան 65 կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների։
Տոնավաճառի շրջանակում ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության և Ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրել են պետական համակարգի, մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, աշխատանքի ընդունվելու և մասնագիտական առաջընթացի հնարավորությունները։
ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության պետ Լիլիթ Թովմասյանի խոսքով՝ վերջին տարիներին Կոմիտեն ընդգրկվել է Հայաստանի առավել գրավիչ գործատուների առաջատար տասնյակում, ինչը ոգևորիչ է և կարևոր ազդակ՝ երիտասարդ մասնագետների ներգրավման և զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։ «ՊԵԿ-ը կարևորում է երիտասարդ, բանիմաց մասնագետներով համալրումը։ Այս համատեքստում աշխատանքի տոնավաճառներն առանձնահատուկ դեր ունեն՝ հնարավորություն տալով անմիջական շփման միջոցով բացահայտել երիտասարդների ներուժը, ներկայացնել համակարգի հնարավորություններն ու մասնագիտական զարգացման հեռանկարները։ Սա համահունչ է ՊԵԿ-ի վերափոխման գործընթացին և ժամանակակից, արդյունավետ ու արհեստավարժ կառույց ձևավորելու մեր նպատակին»,-ընդգծել է Լիլիթ Թովմասյանը։
ՊԵԿ-ի տաղավարում ուսանողները հնարավորություն են ունեցել անմիջականորեն ծանոթանալու Կոմիտեում աշխատանքի և պրակտիկայի առաջարկներին, համակարգում աշխատելու առանձնահատկություններին ու մասնագիտական աճի հնարավորություններին։ Ներկայացվել են նաև ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից հարկային և մաքսային ծառայողների պատրաստման նպատակով կազմակերպվող անվճար դասընթացներին մասնակցելու պայմաններն ու ընթացակարգերը։ Ուսանողները տեղում մասնակցել են նաև խաղարկային հարցումների՝ ստուգելով իրենց գիտելիքները հարկային և մաքսային ոլորտների վերաբերյալ։
Հատկանշական է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման շրջանակում ՊԵԿ-ը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ևս ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ամրագրելով առաջիկա տարիների երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները։



