Տնտեսագետ

ՀՊՏՀ ներկայացուցիչների մանակցությունը ՌՈւԴՆ գիտաժողովին և Եվրասիայի երիտասարդական դպրոցին։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Հոկտեմբերի 13–16-ը Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԴ, ՌՈՒԴՆ) տնտեսագիտության ֆակուլտետում անցկացվել է «Գլոբալ տնտեսության արդի հիմնախնդիրները» խորագրով XXVIII միջազգային գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը։

Գիտաժողովի շրջանակում քննարկվել են գլոբալ տնտեսության արդի մարտահրավերները, միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները և միջբուհական կապերի ամրապնդման հնարավորությունները։ Ծրագիրն ընդգրկել է փորձագիտական քննարկումներ, կլոր սեղաններ և ցանցային համալսարանների գործունեությանը նվիրված նիստեր։

Քննարկումների առանցքային թեմաներից էր ԱՊՀ ցանցային համալսարանի գործունեությունը։ Հոկտեմբերի 15-ին կայացած փորձագիտական քննարկման ընթացքում, որը ներառված էր նաև ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ցանցային համալսարանների գործունեությանը նվիրված քննարկումների շարքում, անդրադարձ է կատարվել ցանցային համալսարանների զարգացման հեռանկարներին, միջբուհական համագործակցության խորացմանը և միջազգային կրթական կապերի ընդլայնմանը։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ԱՊՀ զարգացման հիմնախնդիրներն ու ապագայի տեսլականը։ Նա կարևորել է ԱՊՀ տարածքում բուհերի միջև համագործակցության ամրապնդումը, առկա գործընկերային կապերի արդյունավետ օգտագործումը և ցանցային համագործակցության միջոցով նոր հնարավորությունների ստեղծումը։

Գիտաժողովին զուգահեռ կազմակերպված միջոցառումները ՀՊՏՀ պատվիրակությանը հնարավորություն են տվել ծանոթանալու հյուրընկալող համալսարանի գործունեությանն ու կարևոր իրադարձություններին։ Մասնավորապես, պատվիրակության անդամները մասնակցել են ՌՈՒԴՆ-ի տնտեսագիտության ֆակուլտետի հիմնադրման 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, այդ թվում՝ տոնական համերգին։

Այցի կրթական բաղադրիչի կարևոր ուղղություններից էր նաև ՀՊՏՀ ուսանողների մասնակցությունը ՌՈՒԴՆ-ում անցկացված Եվրասիական երիտասարդական գիտագործնական դպրոցին։ Դպրոցին մասնակցել են տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ Մանվել Ալոյանը և Գուրգեն Եղինյանը, ինչպես նաև կիրառական ֆինանսների ֆակուլտետի ուսանող Բորիս Կոստանդյանը։

Երիտասարդական դպրոցի ծրագիրն ուղղված էր ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը, գործնական հմտությունների զարգացմանը և միջազգային միջավայրում փորձի փոխանակմանը։ Այն ներառում էր համաշխարհային ապրանքային շուկաների վերաբերյալ գործնական դեպքերի (case study) վերլուծություն, արտահանման նախագծերի մշակում, խմբային աշխատանքի դասընթացներ, ինչպես նաև արհեստական բանականության թեմայով թրեյնինգներ և գործնական վարպետության դասեր։ Ծրագրով նախատեսված էին նաև ճանաչողական և մասնագիտական այցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

Դպրոցի աշխատանքներին մասնակցությունը ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն է տվել ներգրավվելու միջազգային երիտասարդական կրթական հարթակում, զարգացնելու վերլուծական մտածողության, թիմային աշխատանքի և նախագծերի մշակման հմտությունները, ինչպես նաև նոր կապեր հաստատելու տարբեր երկրների երիտասարդների ու մասնագետների հետ։ Ծրագրի ավարտին ուսանողներն արժանացել են պատվոգրերի՝ ակտիվ մասնակցության համար։

Միջազգային կրթական ծրագրերի շրջանակում ուսանողների ներգրավվածության կարևորությունը դրսևորվել է նաև ՌՈՒԴՆ-ում ուսումնառող ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում։ Այցի ժամանակ ՀՊՏՀ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ Հասմիկ Հակոբյանի և Ալեքսանդր Սոչինյանի հետ, որոնք ներկայումս ուսանում են ՌՈՒԴՆ-ում։

Հասմիկ Հակոբյանը սովորում է ՌՈՒԴՆ-ի հետ համատեղ՝ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակում իրականացվող «Միջազգային առևտուր» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի ծրագրով, իսկ Ալեքսանդր Սոչինյանը ՌՈՒԴՆ-ի տնտեսագիտության ֆակուլտետում։

ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային գիտակրթական միջոցառումներին, ուսանողների ներգրավվածությունը երիտասարդական ծրագրերում և գործընկեր համալսարանում ուսումնառող ուսանողների հետ անմիջական շփումը փոխլրացնում են համալսարանի միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Անկասկած է, որ նման նախաձեռնությունները նպաստում են գիտելիքի և փորձի փոխանակմանը, գործընկերային կապերի ամրապնդմանը, ուսանողների մասնագիտական զարգացմանը և ՀՊՏՀ-ի միջազգային գիտակրթական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top